29 Հնս
2026
29° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արգելված գրականություն՝ 120-ամյա գրախանութի հարկի տակ․ Դուա Լիպան նոր գրախանութ է բացել

Արգելված գրականություն՝ 120-ամյա գրախանութի հարկի տակ․ Դուա Լիպան նոր գրախանութ է բացել

Պորտուգալիայի Պորտու քաղաքի 120-ամյա Livraria Lello գրախանութի ներսում է գտնվում Manifesto գրադարանը, որն իր հարկի տակ է ժողովել 100 գիրք, որոնք պատմական կամ քաղաքական պատճառներով արգելված են եղել կամ գրաքննության են ենթարկվել։

Գրադարանը բացել է հայտնի երգչուհի Դուա Լիպան․ գրում է Euronews-ը։

Մամուլի հաղորդագրության մեջ Լիպան նախագիծն անվանել է «երազանքների համագործակցություն»՝ նշելով, որ այն տարիների ընթացքում իր առաքելությունն առաջ մղելու արդյունք է։

«Երբ հիմնեցի Service95 գրքային ակումբը, իմ նպատակն էր, որ այն դառնար տուն գրողների և ընթերցողների համար՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք գտնվում և ինչ պայմաններում են ապրում», – ասել է երգչուհին՝ անդրադառնալով իր Service95 գրքային ակումբին, որն ընթերցողներին ամեն ամիս մեկ գիրք է առաջարկում և ուղեկցվում է պոդքասթով, որտեղ Լիպան հարցազրույց է վարում տվյալ գրքի հեղինակի հետ։

Նոր բացված գրադարանը գրքային ակումբի նախաձեռնության ընդլայնումն է։ Երգչուհին հավելել է, որ իր հիմնած գրադարանում մարդիկ կարող են գտնել հարյուր գիրք, որոնք կարևոր հարցեր են բարձրացնում։ Նրա խոսքով՝ որոշ գրքերի դեպքում, անգամ, հեղինակներն իրենց խոսքի համար «վճարել են սեփական կյանքով»։

«Այս գրադարանը նվիրված է այն գրքերին, որոնք ժամանակի ընթացքում անհետացել են, այն հեղինակներին, որոնց համարձակությունը բացահայտում է իշխանության և վերահսկողության տարբեր համակարգեր, ինչպես նաև այն ընթերցողներին, որոնք համաձայն չեն, որ իրենց ասեն՝ ինչ կարելի է կարդալ և ինչ՝ ոչ։ Դուք հրավիրված եք այցելելու և ինքներդ որոշելու՝ ինչն է արժանի այս դարակներում տեղ ունենալու։ Երբեմն համակարգին դեմ ամենաաարմատական քայլը պարզապես գիրք կարդալն է ու դրա մասին խոսելը», – ասել է երգչուհին։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026