
Ինչո՞ւ է ավագանու անդամը որոշել լքել Կենդանաբանական այգու կառավարման խորհուրդը
Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված էգ սպիտակ առյուծի անկումից հետո որոշել եմ դուրս գալ Երևանի Կենդանաբանական այգու կառավարման խորհրդի կազմից․ սոցցանցի իր էջում գրում է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը։
«Հուլիսի 7-ին՝ դեպքից անմիջապես հետո, առաջարկել եմ հրատապ գումարել Կառավարման խորհրդի նիստ՝ դեպքի հանգամանքները քննարկելու և պատասխանատվության հարցը պարզելու համար, սակայն նիստը նշանակվեց միայն հուլիսի 16-ին։
Չսպասելով Կառավարման խորհրդի նիստին՝ հուլիսի 9-ին դեպքի վերաբերյալ իմ բոլոր հարցերն ու առաջարկությունները պաշտոնապես հասցեագրել եմ Երևանի քաղաքապետին։ Նամակը հրապարակում եմ կից։
Ինձ համար նման ողբերգությունը պահանջում էր անհապաղ, պատասխանատու և բազմակողմանի մասնագիտական արձագանք։ Քանի որ դա տեղի չունեցավ, որոշեցի դուրս գալ կառավարման խորհրդի կազմից»,- նշում է ավագանու ընդդիամդիր անդամը։


