
850 հրշեջ պայքարում է Փարիզի մոտակայքում բռնկված անտառային հրդեհի դեմ
Փարիզից 70 կիլոմետր հարավ բռնկված անտառային հրդեհը ընդգրկել է մոտ 1900 հեկտար տարածք․ Franceinfo ռադիոկայանին ասել է Սեն-է-Մարնի հրշեջ ծառայության խոսնակ Պոլ-Էդուար Լորանը։
Նա նշել է, որ հիմնական հրդեհը ընդգրկում է 1600 հեկտար տարածք, մինչդեռ «երկրորդ հրդեհը, որը բռնկվել է երկուշաբթի կեսօրին Ֆոնտենբլոյի անմիջական մոտակայքում, հասել է 320 հեկտարի»։ Լորանը հավելել է, որ հրդեհը առաջիկա 2 օրում կարող է տարածվել։
850 հրշեջ պայքարում է հրդեհի դեմ, իսկ Canadair-ին պատկանող 4 ինքնաթիռ աջակցություն է ցուցաբերել օդից։ Հրդեհի տարածմանը նպաստում են եղանակային դժվար պայմանները։ Ֆրանսիայի կենտրոնական հատվածում ջերմային բարձր ֆոնը պահպանվում է։


