
Ճապոնիայում մեկ շաբաթում ավելի քան 4500 մարդ հոսպիտալացվել է շոգի պատճառով
Անցած շաբաթ Ճապոնիայում ավելի քան 4,5 հազար մարդ հոսպիտալացվել է ջերմային հարվածի հետևանքով․ հայտնում է երկրի Փրկարար ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ հուլիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում ջերմային հարվածով հոսպիտալացվել է 4580 մարդ, ևս 7-ը մահացել են։ Մայիսի սկզբից, երբ նախարարությունը սկսել է հրապարակել նման վիճակագրությունը, հոսպիտալացվածների թիվը գերազանցել է 13 հազարը, իսկ մահերի թիվը հասել է 12-ի։
Ճապոնիայում ամենաշոգ եղանակը սովորաբար գրանցվում է հուլիս և օգոստոս ամիսներին։ Հուլիսի 14-ին Կոտի պրեֆեկտուրայում օդի ջերմաստիճանը հասել է 38,4 աստիճան Ցելսիուսի, իսկ Տոկիոյից ոչ հեռու գտնվող Գումմա պրեֆեկտուրայում՝ 37 աստիճանի։
Ամեն տարի Ճապոնիայում ջերմային հարվածների հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ հոսպիտալացվում են, իսկ հարյուրավոր դեպքերում արձանագրվում են մահեր։


