
Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Վելնեսը» արդեն քաղաքապետարանի տիրապետության տակ է․ ABC Media-ի հարցմանը պատասխանել է քաղաքապետարանը
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» ՍՊԸ-ի՝ Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող գույքը վերադարձվել է Երևանի քաղաքապետարանին․ ABC Media-ի հարցմանն ի պատասխան ասել են Երևանի քաղաքապետարանից։
Նշել են, թե Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող 1.26 հեկտար մակերեսով հողամասը և դրա վրա գտնվող շենքերն ու շինությունները Երևանի համայնքի սեփականությունն են։
Քաղաքապետարանի պարզաբանմամբ՝ հողամասի նկատմամբ նախկինում «Մուլտի Վելնես» ՍՊԸ-ն ունեցել է կառուցապատման իրավունք, իսկ կառուցվող շինության նկատմամբ՝ տիրապետման և օգտագործման իրավունք։ Քաղաքապետարանն է դադարեցրել կառուցապատումը։
Պայմանագրով նախատեսված է եղել, որ հողամասի սեփականատերը կարող է միակողմանի հրաժարվել պայմանագրից՝ կառուցապատողին մեկ ամիս առաջ ծանուցելով, ինչից հետո պայմանագիրը համարվում է լուծված։
Քաղաքապետարանը հղում է անում նաև Հողային օրենսգրքի 48.1-րդ հոդվածին, ըստ որի, այլ անձի հողամասում կառուցապատման իրավունքով կառուցված շենքերն ու շինությունները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, պատկանում են հողամասի սեփականատիրոջը։
«Քանի որ Ալեք Մանուկյան 11 հասցեի հողամասը Երևանի համայնքի սեփականությունն է և ընդգրկված է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հատուկ կարգավիճակ ունեցող հողերի ցանկում, քաղաքապետարանի գնահատմամբ, այդ հողամասի վրա «Մուլտի Վելնես» ՍՊԸ-ի կողմից կառուցված շենքերն ու շինությունները նույնպես հանդիսանում են Երևանի համայնքի սեփականությունը»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում։
Թե ինչ նպատակով է գործածվելու գույքը, քաղաքապետարանը չի հստակեցրել։
Հիշեցնենք՝ հուլիսի 16-ին Դատախազության որոշմամբ «Արարատցեմենտ» գործարանը հանձնվել է Կառավարությանը։ Բացի այդ՝ Գագիկ Ծառուկյանից պահանջել են բռնագանձել տասնյակ անշարժ գույքեր, տրանսպորտային միջոցներ և ավելի քան 105 միլիարդ դրամի գույք ու միջոցներ։


