17 Հուլ
2026
25° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Իրական խաղաղության» բանաձևը Բաքվից. խոստումներ՝ պատերազմի ստվերի տակ

«Իրական խաղաղության» բանաձևը Բաքվից. խոստումներ՝ պատերազմի ստվերի տակ

Իրական խաղաղությու՞ն, թե՞ հարաբերություն՝ ադրբեջանական տարբերակով։ Ալիևի օգնականն ասում է՝ Երևանն ու Բաքուն ապրում են իրական խաղաղության պայմանում, սակայն այդ ամենը փաստաթղթավորելու համար պակասում է 1 բան․ ըստ Հիքմեթ Հաջիևի՝ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը։

«Սահմանադրական փոփոխությունների ձևը Հայաստանի ներքին գործն է։ Ադրբեջանի համար կարևոր է, որ մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ համարվող դրույթները պաշտոնապես վերացվեն՝ նոր սահմանադրության ընդունման, կամ այլ իրավական մեխանիզմի միջոցով»,- ասել է Հիքմեթ Հաջիևը։

Բաքուն անվրդով առաջ է քաշում նախապայմանները, իսկ Երևանում՝ վիճակն ավելի է բարդացել։ Խորհրդարանի վերջին ընտրությունից հետո գործող իշխանությունը չի ստացել Սահմանադրությունը միանձնյա փոփոխելու քվոտա։ Նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանն ասում է՝ հենց այս հանգամանքն է դարձել բանակցային գործընթացի ամենազգայուն կետերից մեկը։

«Մենք առաջիկա շաբաթներին և ամիսներին կտեսնենք ավելի խիստ հռետորաբանություն՝ պահանջների տեսքով։ Մի կողմից փորձելու են սպասարկել այս իշխանության տարածած թեզը, թե իբր խաղաղություն գոյություն ունի, մյուս կողմից իրենց պայմանների ցանկը, որոնք բոլոր ռացիոնալ դատող անձինք հասկանում են, որ վերջ չունի»,-վստահեցնում է Աղաջանյանը։

Ադրբեջանը հայտարարում է, թե խաղաղության պայմանագրի տեքստը հստակեցված է, TRIPP-ի՝ ադրբեջանական հատվածում ենթակառուցվածքների աշխատանքը գրեթե մոտենում է ավարտին, պայմաններն էլ հստակ փոխանցել է Հայաստանին։ Բաքուն քայլ առ քայլ ձևավորում է այն քաղաքական միջավայրը, որտեղ Հայաստանի վրա ճնշումները կարող են մեծանալ։ Genesis Armenia ուղեղային կենտրոն|հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը չի բացառում՝ եթե բանակցությունները մտնեն փակուղի, տարածաշրջանում կարող է աճել նաև նոր ռազմական լարվածության վտանգը։

«Առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության ադրբեջանը չի համաձայնելու խաղաղության գործընթացի առաջմղմանը։ Ավելի պարզ՝ Բաքվին անհրաժեշտ է լեգիտիմ պատճառ, որով տարածաշրջանային կոմունիկացիաներին Երևանի չմիանալը կներկայացվի որպես խոչընդոտ կամ ռեգիոնալ խաղաղության արգելափակում, ինչը, բնականաբար, հանդիսանալու է Սյունիքում ռազմական գործողությունների իրականացման պատճառ»,- համոզված է Գասպարյանը։

Փորձագետների համար վաղուց պարզ է, որ Երևան-Բաքու բանակցությունները վաղուց երկկողմ հարաբերությունների մասին չեն։ Իրանի շուրջ շարունակվող լարվածությունը, Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավվածությունը, Թուրքիայի քաղաքական աջակցությունն Ադրբեջանին և Ռուսաստանի փոխվող դերակատարությունը շարունակում են ազդել տարածաշրջանային գործընթացների վրա։ Ձյունիկ Աղաջանյանի գնահատմամբ՝ նման ռազմավարական հարցերում Բաքվի և Անկարայի քայլերը դժվար թե ինքնուրույն լինեն։

«Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան ինքնուրույն դերակատարներ չեն։ Նրանք չեն կարող դուրս գալ Արևմուտքից թելադրողների, ամբողջ իրենց տնտեսության, քաղաքականության վրա էական ճնշում ու լծակ գործադրելու ունակություն ունեցող կենտրոնների ազդեցությունից։ Իրենք կարող են մեծ-մեծ խոսելով արտահայտվել, բայց իրականությունը լրիվ այլ է»,- ասել է Աղաջանյանը։

Սակայն տարածաշրջանային գործընթացների դերակատարները միայն Երևանն ու Բաքուն չեն։ TRIPP-ի քաղաքական քավորը Վաշինգտոնն է, որը, Գասպարյանի խոսքով՝ շարունակելու է Իրանի դեմ պատերազմի թեման շահարկել մինչև ընթացիկ հոկտեմբերը, երբ Իսրայելում կկայանա Քնեսեթի ընտրություն։

«ՀՀ իշխանությունը վստահեցրել է ամերիկյան կողմին՝ Սյունիքում TRIPP-ի աշխատանքներն սկսել աշնանը։ Իրանը պաշտոնապես դիմել է Երևանին՝ արագացնելու ռազմավարական գործակցության պայմանագրի ստորագրումը։ Լուծումը, հավանաբար, իշխող վարչախմբի ղեկավարի փախուստն է, երկիրը նոր ու աղետաբեր պատերազմի մեջ ներքաշելուց հետո, կամ կրկնակի կապիտուլյացիան, կամ էլ անվտանգային կանխարգելիչ գործողությունների ձեռնարկումը, ինչպես Եգիպտոսը բազմիցս արել է անցած դարի 70-80-ականներին»,- ասել է Գասպարյանը։

Տարածաշրջանում ամեն ինչ արագացված ռեժիմով է ընթանում՝ ենթակառուցվածքների պատրաստումից մինչև աշխարհաքաղաքական երկրաշարժեր, խաղաղաշինության գործընթացն էլ ավելի հրատապ է դարձնում մեծ պետությունների մասնակցությունը։ Կմոտենա՞ խաղաղության սպիտակ աղավնին եզրագծին, թե՞ նրան կփոխարինի սև ագռավը․ ճնշումների ու լարվածության մակընթացության ավարտը հայտնի չէ։ Առաջիկա ամիսներն, ամենայն հավանականությամբ, վճռորոշ կլինեն:

Գառնի Մութաֆյան

Ընտրություն 2026   Ընտրություն 2026