
ԱՄՆ-ն, ավելի քան 30 տարվա ընդմիջումից հետո, կրկին Patriot-ի PAC-2 հրթիռներ է պատվիրել
ԱՄՆ-ն ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ պատվիրել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգի PAC-2 շարքի նոր արտադրության որսացող հրթիռներ։ Այդ մասին հայտնել է համակարգի գլխավոր արտադրող Raytheon (RTX) ընկերությունը։
Ընկերության տվյալներով՝ ԱՄՆ բանակի պատվերը գրանցվել է ապրիլին և գնահատվում է 441,6 մլն դոլար։
Raytheon-ի ղեկավար Քրիստոֆեր Կալիոյի խոսքով՝ այս որոշումը կայացվել է ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության հրթիռների պաշարների բավարար լինելու վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։
Patriot համակարգերի և դրանց համար նախատեսված հրթիռների համաշխարհային պահանջարկը վերջին տարիներին կտրուկ աճել է՝ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների և Ուկրաինայի պատերազմի պատճառով։ Միաժամանակ, անվտանգության նոր մարտահրավերների ֆոնին Patriot համակարգը կրկին դարձել է աշխարհի ամենապահանջված հակաօդային պաշտպանության միջոցներից մեկը։
Այսօր PAC-2 շարքի միակ արտադրվող տարբերակը GEM-T հրթիռն է, որը նախորդ մոդելների համեմատ ավելի արդյունավետ է փոքր և բալիստիկ թիրախների խոցման գործում։


