
Այսուհետ հնարավոր կլինի առանց նոտարի, առցանց տարբերակով առաջնային շուկայից անշարժ գույք գնել
Նորակառույց շենքերում բնակարան գնելու հնարավորություններն ընդլայնվել են․ խոսքն առանց նոտարական վավերացման, էլեկտրոնային համակարգում եռակողմ պայմանագիր կնքելու մասին է։ Այս հնարավորությունից կարող են օգտվել ինչպես Հայաստանում ֆիզիկապես գտնվող ՀՀ քաղաքացիները, այնպես էլ Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները։
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանն այսօր հրավիրած ասուլիսում նշեց, որ նախորդ տարեվերջին Քաղաքացիական օրենսգրքում որոշակի լրացումներ են կատարվել, որոնցով ամրագրվել է, որ այսուհետ ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան կնքելու երկկողմանի կամ եռակողմ պայմանագրեր Կադաստրի կոմիտեի կողմից ներդրված էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում, և «այս գործընթացը հնարավոր կլինի իրականացնել սկզբից մինչև վերջ առանց նոտարական վավերացման, էլեկտրոնային եղանակով»։
«Սա զուտ հնարավորություն է, այսինքն՝ իրավունք է, հետևաբար՝ նոտարական վավերացմամբ կնքվող գործարքները շարունակում են ունենալ իրավական կարգավորումներ, շարունակում են իրավական ուժ ունենալ օրենսդրությամբ, սակայն եթե քաղաքացիները և գործարքի մյուս կողմերը՝ բանկը, վարկային կազմակերպությունը, որը վարկավորում է տրամադրում, կառուցապատողը, կցանկանան առանց նոտարական վավերացման գործարք կնքել, հնարավորություն կունենան մուտք գործելու էլեկտրոնային համակարգ, այնտեղ ստորագրելու պայմանագիրը»,-հավելեց պաշտոնյան։


