29 Հուլ
2026
35° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զարդերն ինձ համար արդեն ծանրություն են․ Լոռու Ահնիձորի մանկավարժ Արմիկի պատմությունը

Զարդերն ինձ համար արդեն ծանրություն են․ Լոռու Ահնիձորի մանկավարժ Արմիկի պատմությունը

Մանկավարժ Արմիկ Մեջլումյանը Լոռու մարզի Ահնիձոր գյուղից է։ Երևան է տեղափոխվել դեռ 13 տարեկանում, այնտեղ սովորել, աշխատել, ընտանիք կազմել ու մեծացրել երեխաներին։ Սակայն տարիներ անց ամուսնու ծննդավայր՝ Ահնիձոր են վերադարձել։

2009 թվականից Արմիկն ապրում է այստեղ։ Ասում է՝ որոշումը պայմանավորված էր ոչ թե բնակության վայր փոխելու ցանկությամբ, այլ երեխաներին իրենց արմատներից չկտրելու ձգտումով։

«Ես ուզեցի, որ երեխաներս իրենց արմատներից չկտրվեն, գնան-գան։ Դա էր միակ նպատակը։ Երևանին մոտ էլ կարող էինք տուն գնել, բայց քանի որ ամուսինս այստեղից է, չուզեցի, որ երեխաներս կտրվեն իրենց արմատներից։ Հիմա էլ գնում-գալիս են. աղջիկս է գալիս ընկերների հետ, հետո տղաս է գալիս։ Արմատների հետ կապը պահպանվել է»,- պատմում է Արմիկ Մեջլումյանը։

Արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվող իրենց տունը ցանկանում էին հյուրատուն դարձնել։ Սակայն ամուսնու հիվանդությունն ու մահը փոխեցին ծրագրերը։ Արմիկը վստահ է՝ որդիները մի օր կշարունակեն իրենց սկսածը։

«Մի տղաս Գերմանիայում է, մյուսը՝ Երևանում, որին Մոսկվայից մի կերպ եմ բերել։ Ես համոզված եմ, որ իրենք իմ ծրագրերը կշարունակեն»,-ասաց նա։

Ահնիձորում կանաչը շատ է, օդը՝ մաքուր։ Ավելի շատ բնությունն է «խոսում»։ Բնակիչներն ու երեխաները քիչ են, այցելուներն էլ, բայց երկրի ու քաղաքականության համար այստեղ էլ են վիճում, հետո հաշտվում։ Քիչ են, իրարից խռով ո՞նց ապրեն։ Արմիկը ժպտում է, երբ խոսում է կյանքի մասին։

«Կյանքն էլ եմ սիրում, բնությունն էլ եմ սիրում, աշխարհն էլ եմ սիրում, կռվել էլ եմ սիրում, պայքարել էլ եմ սիրում, խաղաղություն էլ եմ սիրում… ամեն ինչ»,- ժպտում է մանկավարժը։

Նկարահանումից առաջ չէր հասցրել ներկել մազերը։ Արմատների սպիտակները, կարծես, արևն էր ներկել իր շողերով։

«Դու ինչքա՞ն կտաս ինձ, այդքան է տարիքս։ Հը, ինչքա՞ն կտաս»,- ասում է Մեջլումյանն ու համառորեն լռում տարիքի մասին հարցի ժամանակ։

Փոխարենը պատմում է այն տարիներից, երբ ինքն ու ամուսինը միասին էին աշխատում։

«Աշխատելու ժամանակ միշտ խնամված էի։ Կրում էի զարդեր, ականջօղեր, մատանիներ։ Հիմա դրանք արդեն ծանրություն են ինձ համար»,-ասում է։

Այսօր նրա առօրյան թոռների ու մեղուների հետ է կապված։ Երբ առաջին անգամ հարևանի հետ գնացել էր մեղուներին խնամելու, վախենում էր դրանցից։ Բայց հարևանի մեղուները բոլորին թողնում, հենց Արմիկին էին կծում։

«Սթրես էր ինձ համար։ Հետո նայում էի հարևանիս՝ առանց վախի աշխատում էր մեղուների հետ։ Ինձ ասում էի՝ «Արմիկ, ինչի՞ց ես վախենում»»,-հիշում է նա։

Գյուղում մի փորձառու մեղվապահ նրան առաջին մեղվաընտանիքն է նվիրել։ Այդ օրվանից մեղվապահությունն էլ դարձել է նրա կյանքի մի մասը։

«Հիմա շատ-շատ եմ սիրում մեղուներին։ Մեղուների աշխարհն ուրիշ է։ Ամեն մեկն իր գործն ունի․ մեկը դաշտ է գնում, մեկը ջուր է բերում, մեկը պահակություն է անում, մեկը մայր մեղվին է խնամում, մեկը՝ ձագերին։ Ամեն ինչ կարգավորված է, յուրաքանչյուր մեղու գիտի իր գործը»,- մեղուների կյանքով հիացած՝ պատմում է Արմիկը։

Այդ նույն սկզբունքով է ապրել նաև ինքը՝ դասավանդելիս ու երեք երեխաներին մեծացնելիս։

«Կեսգիշերն անց երեքին էի քնում, առավոտյան վեցին արթնանում։ Միշտ հերթով էի անում գործերս։ Երբ դասավորում ես աշխատանքդ, կյանքդ ավելի հեշտ է անցնում։ Ես միշտ կարողացել եմ կարգուկանոնով ապրել, ոնց որ մեղուներն են ապրում»,- ասում է նա։

Զրույցի վերջում Արմիկը հիշեցնում է, որ Ահնիձորը նաև գրող Հրանտ Մաթևոսյանի գյուղն է։

«Դուք գիտեք չէ՞, որ Ահնիձորը նաև Հրանտ Մաթևոսյանի գյուղն է»,-ասում է։

Ահնիձորի ու Արմիկի պատմությունը մաթևոսյանական տողերով է ավարտվում․ մի գյուղ է, որը «հեռու-հեռու է, Հայաստանից դուրս է, աշխարհից էլ դուրս է»։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026