
ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմում սպառել է իր մեծ հեռահարության հրթիռների գրեթե ամբողջ պաշարը․ Reuters
ԱՄՆ բանակն Իրանի դեմ 5-ամսյա պատերազմի ընթացքում սպառել է իր զինանոցի բարձր ճշգրտությամբ մեծ հեռահարության հրթիռների պաշարների զգալի մասը․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թեմային ծանոթ երեք աղբյուրի:
Խոսքը հիմնականում ԱՄՆ բանակի «երկիր-երկիր» դասի՝ բանակային մարտավարական հրթիռային համակարգերի (ATACMS) և ճշգրիտ հարվածային հրթիռների (PrSM) մասին է։ Աղբյուրներից երկուսի խոսքով՝ ԱՄՆ-ն սպառել է այդ համակարգերի «գրեթե ամբողջ պաշարը»։
Նշվում է, որ մեծ հեռահարության այս զինատեսակներն ԱՄՆ բանակի սպառազինության կարևոր մասն են, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ հարվածներ հասցնել անվտանգ հեռավորությունից։
Ըստ հրապարակման՝ ԱՄՆ-ի մատակարարած ATACMS հրթիռներն առանցքային դեր են խաղացել Ուկրաինայի պատերազմում՝ թույլ տալով ուկրաինական ուժերին հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին։ PrSM-ը նոր և կատարելագործված սերնդի համակարգ է․ նախատեսվում է, որ այն կփոխարինի ATACMS համակարգերին։
Աղբյուրները, սակայն, չեն հայտնում՝ նշված համակարգերից քանի միավոր է մնացել ԱՄՆ զինանոցում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի հետ Իրանի դեմ պատերազմը սկսեց այս տարվա փետրվարին՝ կանխատեսելով, որ հակամարտությունը կարճ կտևի։ Պատերազմը, սակայն, ձգձգվում է, իսկ Reuters-ի աղբյուրները մտահոգություն են հայտնում, որ հրթիռների նվազող պաշարները կարող են սահմանափակել ԱՄՆ-ի՝ հակառակորդներին, այդ թվում՝ Ռուսաստանին և Չինաստանին, զսպելու կարողությունը։


