
Ունե՞նք օկուպացված տարածք, այո՛, ունենք․ ՔՊ-ական պատգամավոր
Հայաստանը չի զիջել միջանցք, չի զիջելու միջանցք։ Վաշինգտոնում լուծվել է հնարավոր միջանցքի հարցը․ 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանում ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը։
«Նշեք գեթ մի բան, որ զիջել է գործող իշխանությունը ՀՀ սուվերեն տարածքից։ Հայաստանն ունի՞ օկուպացված տարածք, այո՛, ունի։ Ինչպե՞ս է գործող իշխանությունը պատկերացնում այդ տարածքների դեօկուպացիան, սահմանազատման և սահմանագծման միջոցով»,- ասաց Սոնա Ղազարյանը։
Նա իր այս ելույթով արձագանքեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովին, որը հայտարարել էր, որ հասարակության մի ստվար զանգված իշխանություններից «ավելի շուտ հերթական տարածքի հանձնում է սպասում, քան դիմադրության իրական պատրաստակամություն»։
Տեղեկացնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը CNN TÜRK հեռուստաալիքին տված հարցազրույցում վստահություն էր հայտնել, որ «Զանգեզուրի միջանցքը» կբացվի մոտ ապագայում։
Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանը գրեթե ավարտել է նախագծի իր մասը։ Նա նշել է, որ Թուրքիան շարունակում է Կարսից նոր երկաթուղային գծի կառուցումը, իսկ Հայաստանն ԱՄՆ-ի հետ համատեղ պարտավորվել է կառուցել 42 կիլոմետրանոց հատված։
«Եթե ամեն ինչ ավարտվի, Ստամբուլի և Բաքվի միջև ազատ տեղաշարժը հնարավոր կլինի մոտ ապագայում»,- հայտարարել է Հաջիևը։


