05 Օգս
2026
36° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չեղարկե՛ք ընտրության արդյունքները, եթե գեթ մեկ պատգամավոր այստեղ ընտրակաշառքով է հայտնվել․ Արեգա Հովսեփյան

Չեղարկե՛ք ընտրության արդյունքները, եթե գեթ մեկ պատգամավոր այստեղ ընտրակաշառքով է հայտնվել․ Արեգա Հովսեփյան

Եթե խորհրդարանում կան ընտրակեղծիքների արդյունքում ընտրված պատգամավորներ, ապա իշխանությունը պարտավոր է նախաձեռնել ընտրությունների արդյունքների չեղարկման գործընթաց․ այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։

«Եթե գեթ մեկ պատգամավոր այստեղ ընտրակաշառքով է հայտնվել, դուք իշխանություն եք, դիմեք, չեղարկեք ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ նշանակեք։ Ոչ ոք իրավունք չունի այս դահլիճում հայտնվել ընտրակեղծիքով։ Եթե դա այդպես է, ինչո՞ւ եք օրինականացնում անօրինականը»,-ասաց նա։

Պատգամավորն անդրադարձավ նաև Հայաստանում ադրբեջանցիների հնարավոր «վերադարձի» շուրջ քննարկումներին՝ նշելով, որ ընդդիմությունն այդ հարցը բարձրացնում է՝ հետագայում նոր իրողությունների առաջ չկանգնելու համար։

«Մենք այդ թեման բարձրացնում ենք, որպեսզի հետո ստիպված չլինեք հերթական անգամ ներողություն խնդրել։ Ինչո՞ւ եք ասում՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները կարևոր չեն, այդպես չեն աշխատում։ Բանակցային գործընթացում պետք է հաշվի առնել և վերլուծել հակառակ կողմի յուրաքանչյուր հայտարարություն»,- նշեց Հովսեփյանը։

Նա հավելեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները պետք է հրապարակայնորեն հերքի հենց Հայաստանի իշխանությունը։

«Եթե ասում եք, որ նման օրակարգ գոյություն չունի, ապա դա պետք է ասեք ոչ թե ընդդիմությանը, այլ Իլհամ Ալիևին։ Պետք է հայտարարեք՝ «Դուք ստում եք, նման օրակարգ չկա»»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Արեգա Հովսեփյանը քննադատեց նաև ՔՊ պատգամավոր Արման Եղոյանի ելույթը՝ նշելով, որ իշխող խմբակցությունը չպետք է սեփական պատկերացումները հայրենիքի մասին վերագրի ամբողջ հասարակությանը։

«Եթե դուք 64 պատգամավորով մինչ օրս չգիտեք, թե որն է ձեր հայրենիքը և ինչպես է ընկալվում հայ ժողովրդի պատմությունը, խնդրում եմ, ձեր պատկերացումները մի պրոյեկտեք ամբողջ ժողովրդի վրա»,- նշեց Հովսեփյանը։

Անդրադառնալով մանկապարտեզների թեմային՝ պատգամավորը հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարն իր անձնական միջոցներով կառուցել է 5 մանկապարտեզ՝ Իջևանում, Ստեփանավանում, Սպիտակում և Ալավերդիում, և շեշտեց, որ կուսակցությունը դատապարտում է մանկապարտեզների վաճառքը։

Միաժամանակ նա նշեց, որ ավելի ծանր խնդիր է Արցախի կրթական և մշակութային ենթակառուցվածքների ճակատագիրը։

«Արցախում 217 դպրոց, 7 քոլեջ և 4 համալսարան անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Շատ դպրոցներ, մշակույթի տներ և համայնքային կենտրոններ օգտագործվում են ռազմական նպատակներով։ Ստեփանակերտի, Շուշիի, Մարտակերտի և այլ բնակավայրերի մի շարք կրթական հաստատություններ այսօր գործում են որպես ադրբեջանական հաստատություններ։ Այս ամենը հնարավոր է արձանագրել անգամ արբանյակային լուսանկարներով, քանի որ ձեր իշխանության օրոք մենք չենք կարող այնտեղ գնալ և դա տեսնել»,- ասաց նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026