
Բաքուն ողջունել է Փաշինյանի «իրական Հայաստան» հայեցակարգը
Պաշտոնական Բաքուն ողջունում է Երևանի ընդունած «իրական Հայաստան» հայեցակարգը․ թուրք լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը բաղկացած է ոչ միայն թղթի վրա հայտարարություններից։ Նա հավելել է, որ Ադրբեջանը «գործնական քայլերով հաստատել է խաղաղության հարցում իր հանձնառությունը»։
«Մենք դրական ենք գնահատում այն փաստը, որ Հայաստանի ներկայիս վարչակազմը որպես հիմնարար մոտեցում ընդունել է «իրական Հայաստան» հայեցակարգը։ Մենք ակնկալում ենք, որ դա կներառվի Սահմանադրության մեջ։ Մենք մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Նրանք հայտարարություններ են արել նոր սահմանադրություն ընդունելու մասին», – նշել է Հաջիևը։
Նա հավելել է, որ նոր սահմանադրության ընդունումից հետո Հայաստանը խնդիրներ չի ունենա խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում։
«Մեր նպատակն է ավարտել Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացները՝ դրանք զուգահեռաբար անցկացնելով», – հավելել է նա։
Ալիևի օգնականը նաև հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը նոր աշխարհաքաղաքական իրականության մի մասն է։ «Դա ծառայում է թե՛ մեր, թե՛ Հայաստանի շահերին, քանի որ երկիրը գիտակցում է տարածաշրջանում տարանցիկ հնարավորությունների անհրաժեշտությունը», – նշել է Հաջիևը։


