12 Օգս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Amnesty International-ը մտահոգություն է հայտնել ադրբեջանցի քաղբանտարկյալների խոշտանգումների վերաբերյալ

Amnesty International-ը մտահոգություն է հայտնել ադրբեջանցի քաղբանտարկյալների խոշտանգումների վերաբերյալ

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Մարի Ստրութերսը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում կալանավորված ընդդիմության առաջնորդ Ալի Քերիմլիի և մեդիա փորձագետ Ալեսքեր Մամեդլիի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ։ Իր տարածած հայտարարությունում նա նաև արձագանքել է քաղաքական ակտիվիստ Բահրուզ Հասանլիի՝ Ուկրաինայից Ադրբեջան արտահանձնման սպառնալիքին։

«Ընտանիքի անդամների և փաստաբանների համաձայն՝ Ալի Քերիմլիի և Ալեսքեր Մամեդլիի առողջական վիճակը լուրջ վատթարացել է բանտային անբավարար պայմանների և անհրաժեշտ առողջապահական ծառայությունների բացակայության պատճառով: Ալի Քերիմլիին զրկել են խմելու մաքուր ջրից և օդափոխությունից, ինչը կարող է համարժեք լինել խոշտանգումների կամ այլ վատ վերաբերմունքի: Ալեսքեր Մամեդլիի փաստաբանները բազմիցս խնդրել են նրան տեղափոխել տնային կալանքի՝ հաշվի առնելով նրա առողջական խնդիրները, որոնք լրջորեն վատթարացել են կալանքի ընթացքում։

Քերիմլին և Մամեդլին հարյուրավոր անձանց թվում են, որոնք դարձել են Ադրբեջանի իշխանությունների քաղաքական ճնշումների ուժգնացող արշավի զոհ, որը թիրախավորում է լրագրողներին, ակտիվիստներին, կառավարության բացահայտ քննադատներին և ընդդիմադիր քաղաքական գործիչներին: Այս հաշվեհարդարների մեկ այլ զոհ է Բահրուզ Հասանլին՝ քաղաքական ակտիվիստ, որը նախկինում եղել է Ալի Քերիմլիի անվտանգության աշխատակիցը: Ներկայում նա Ուկրաինայից Ադրբեջան արտահանձնման վտանգի տակ է, որտեղ կարող է ենթարկվել կտտանքների և այլ վատ վերաբերմունքի:

Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ այս և մյուս բոլոր բանտարկյալներն անհապաղ հասանելիություն ունենան խմելու ջրին, օդափոխությանը և անհրաժեշտ բժշկական օգնությանը: Ուկրաինան պետք է կատարի մարդու իրավունքների ոլորտում իր պարտավորությունները և չարտահանձնի Բահրուզ Հասանլիին Ադրբեջան»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Ալի Քերիմլիի ընտանիքի տվյալներով՝ նա ուշաթափվել է ջրազրկումից 2026 թվականի օգոստոսի 6-ին՝ տնային կալանքի վերացման վերաբերյալ իր բողոքը քննելու դատական նիստի ժամանակ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նրա խցում խմելու ջուրը, ինչպես նաև էլեկտրաէներգիան անջատված էին օգոստոսի 5-ից։ Օդափոխիչները ևս չեն աշխատում։

Ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության (ԱԺՃԿ) նախագահ Ալի Քերիմլին ձերբակալվել է 2025 թվականի նոյեմբերի 29-ին՝ «իշխանության բռնի զավթման» և «սահմանադրական կարգի բռնի փոփոխության» մեղադրանքով։

Մամեդլին՝ մեդիա իրավաբան և «Թոփլում» հեռուստաընկերության համահիմնադիրը, հուլիսի 27-ին կեղծ մեղադրանքներով դատապարտվել է 14 տարվա ազատազրկման՝ «Թոփլում» հեռուստաընկերության հետ կապված այլ լրատվամիջոցների աշխատողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների հետ միասին, որոնցից մի քանիսը դատապարտվել են մինչև 15 տարվա ազատազրկման։

Բահրուզ Հասանլին, որը 5 տարի իր ընտանիքի հետ ապրում է Ուկրաինայում, հուլիսի 27-ին ձերբակալվել է Խարկովի իր աշխատավայրում՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա։ Դիմումը ներկայացվել է Ալի Քերիմլիի գործի համատեքստում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026