
Անչափահասների համար սոցցանցերի` վիրուսային դարձած արգելքը բախվում է խնդիրների․ POLITICO
Անչափահասների համար սոցիալական ցանցերի արգելքը վիրուսային է դարձել. գրում է POLITICO-ն:
Մեկ տարուց էլ քիչ ժամանակում աշխարհն ականատես է եղել երիտասարդների՝ սոցիալական ցանցեր մուտքը սահմանափակող քաղաքական առաջարկների արագ հաջորդականության: Անչափահասներին թվային հարթակներից հեռու պահելու համար սահմանափակումներ ստեղծելն ավելի ու ավելի է դիտվում որպես լավ քաղաքականություն, որը գովազդում է երեխաների պաշտպանությունը՝ միաժամանակ օգտվելով խոշոր տեխնոլոգիական հարթակների նկատմամբ աճող դժգոհությունից։
Քաղաքական գործիչները համախմբվում են այն գաղափարի շուրջ, որ առցանց անցկացրած ժամանակի մեծ մասը լավ չէ, և որ երեխաներն ամենախոցելիներն են։ Այնուամենայնիվ, Ավստրալիայում 16 տարեկանից փոքր անձանց համար արգելքի ընդունումից 8 ամիս անց արդեն կասկածներ են տարածվում ինչպես դրա արդյունավետության, այնպես էլ կողմնակի ազդեցությունների վերաբերյալ։
Նոր օրենքների ալիքը և դրան հաջորդող բացասական արձագանքը մարդկանց մոտ հարց են առաջացնում, թե արդյոք սոցիալական ցանցերի արգելքները չափազանց հեռուն չե՞ն գնում, և արդյոք կա՞ ավելի խելացի միջոց երեխաներին պաշտպանելու համար։
Բրազիլիայի անկախ տվյալների պաշտպանության մարմնի առցանց անվտանգության հարցերով հանձնակատար Լորենա Ջուբերտի Կոուտինյոն POLITICO-ին ասել է, որ սոցցանցերի արգելքն ավելի «դժվար է կիրառել» և կասկածի տակ է դրել, թե արդյոք այդ մոտեցման համաշխարհային թափը կշարունակվի՞։
Բրազիլիայի օրենսդիրներն անցյալ տարի ընդունել են օրենք, որը թույլ է տալիս դեռահասներին շարունակել օգտագործել սոցցանցերը, բայց օրենքով պահանջվում է, որ հարթակները կանխատեսեն և նվազեցնեն երեխաների համար հնարավոր վնասը։ 16 տարեկանից փոքրերի համար օրենքը նաև արգելում է թիրախային գովազդը և «ավարի տուփերը», որոնք սովորաբար առաջարկվում են որպես առցանց խաղերի պարգևատրում, միաժամանակ պահանջելով ծնողական վերահսկողության գործիքների առկայություն։
Միացյալ Նահանգներում, որտեղ երեխաների խոսքի ազատության իրավունքի վերաբերյալ ուղղակի արգելքները կարող են սահմանադրական մարտահրավերների բախվել, օրենսդիրները կենտրոնացել են հարթակների դիզայնի վրա։ Նույնիսկ Կալիֆոռնիայում, որտեղ քաղաքական գործիչները հաճախ գերազանցում են Վաշինգտոնին առցանց անվտանգության հարցում և ավելի ագրեսիվ կարգավորումներ են կիրառում, վերջին ամիսներին օրենսդիրները հրաժարվել են խիստ, Ավստրալիայի ոճով արգելքից։
Կալիֆոռնիացի օրենսդիրներն անցյալ ամիս մեղմել են դեռահասների համար առաջարկվող արգելքը՝ թույլատրելով 16 տարեկանից փոքր անձանց մուտք գործել Instagram-ի և TikTok-ի նման կայքեր, քանի դեռ հարթակներն անջատում են երիտասարդ օգտատերերի համար որոշակի «կախվածություն առաջացնող» գործառույթները։
Անցյալ շաբաթ Նյու Մեխիկոյի դատավորը Meta-ին պարտավորեցրել է վճարել 567 միլիոն դոլար տուգանք՝ բացի մարտ ամսին նշանակված 375 միլիոն դոլարից, որը մեղավոր է ճանաչվել երեխաներին վտանգի ենթարկելու և հանրությանը մոլորեցնելու համար։
Կանադացի մի կին Կալիֆոռնիայում դատական հայց է ներկայացրել ChatGPT-ի ստեղծող OpenAI-ի դեմ՝ պնդելով, որ չաթբոտն իր դստերը դրդել է ինքնասպանության։
Փետրվարին Եվրոպական հանձնաժողովը կարգադրել է TikTok-ին փոխել իր կախվածություն առաջացնող դիզայնը՝ համաձայն «Թվային ծառայությունների մասին» օրենքի։
Մինչ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բըրնհեմն իր աջակցությունն է հայտնել սոցիալական ցանցերի արգելքին, որոշ ոլորտի դիտորդներ ասում են, որ դա կարող է ընդհանուր արգելք չլինել։ Դրա փոխարեն, Մեծ Բրիտանիան կարող է ընտրել հետևել Կանադայի առաջարկած «Անվտանգ սոցիալական ցանցերի մասին» օրենքին, որը նախատեսում է տարիքային սահմանափակումներ հարթակների համար, մինչև նրանք չունենան «բավարար երաշխիքներ» երեխաներին պաշտպանելու համար։


