
Թրամփը կարգադրել է կրճատել Հրվ․ Կորեայի հետ զորավարժությունները՝ Կիմ Չեն Ընի հետ իր «շատ լավ» հարաբերությունների պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին «զգալիորեն կրճատել» ԱՄՆ-Հարավային Կորեա համատեղ զորավարժությունները։
«Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իմ շատ լավ հարաբերություններից ելնելով՝ ես դժգոհ եմ այն փաստից, որ Միացյալ Նահանգները վաղուց համաձայնել է մասնակցել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններին», – գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։
Նրա կարծիքով՝ այս զորավարժությունները ոչ միայն «թանկարժեք» են, այլև «բացարձակապես անտեղի և թշնամական ուղերձ են հղում այն երկրին, որը Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ որևէ սպառնալիք չի ներկայացրել»։
«Հետևաբար, հաշվի առնելով այն փաստը, որ չեղարկելու համար շատ ուշ է, ես հանձնարարել եմ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին զգալիորեն կրճատել համատեղ զորավարժությունները», – գրել է Թրամփը։
Նա հավելել է, որ վերջերս հարցրել է Հարավային Կորեայի նախագահին, թե արդյոք նա կմիանա՞ ԱՄՆ-ին Իրանի «ապամիջուկայնացման» հարցում, և նա պատասխանել է. «Ո՛չ, շնորհակալություն»։
Միացյալ Նահանգները և Հարավային Կորեան պարբերաբար անցկացնում են համատեղ զորավարժություններ։ Հարավային Կորեայում է գտնվում արտասահմանյան ամենամեծ ամերիկյան ռազմաբազան՝ Քեմփ Համֆրիսը։ ԱՄՆ-Հարավային Կորեա նոր համատեղ զորավարժությունները նախատեսված են երկուշաբթի՝ օգոստոսի 17-ին, և կտևեն 10 օր։ Կմասնակցեն հազարավոր զինվորականներ և ռազմական տեխնիկա։
Զորավարժությունները նպատակ ունեին բարձրացնել Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին հակազդելու պատրաստվածությունը և ներառում էին անօդաչու թռչող սարքերի, GPS-ի խափանումների և կիբեռհարձակումների դեմ պայքարի վարժանքներ։


