
Ամենօրյա ռեժիմով իշխանությունները նոր մարդկանց են տանում կալանքի, կոչ ենք անում չլռել․ ակցիա՝ ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության շենքի մոտ
Այսօր ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության շենքի մոտ կրկին ակցիա էր՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների։ 40 օրից ավելի է, ինչ կալանավորված է «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը։ Այս օրերին նրան արգելված է եղել խոսել անչափահաս դստեր հետ։
ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն էին օրերս այցելել նրան ու լուսանկար հրապարակել, որտեղ Մանուկյանը ճաղերից այն կողմ ժպտում էր։ Նա մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու համար, անցնում է այն քրեական գործով, որով գլխավոր մեղադրյալը նույն կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանն է։ Նա ևս կալանավորված է։
Այսօր արդեն նրանց կուսակից ընկերներն ու աջակիցները փողոցում էին, պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Ընդդիմադիրները վստահ են՝ ձերբակալված բոլոր քաղաքական գործիչները ենթարկվում են քաղաքական հետապնդման։
«Մենք հավաքվել ենք մեր բողոքի ձայնը բարձրացնելու Հայաստանում գոյություն ունեցող ահռելի թվով քաղբանտարկյալների առնչությամբ։ Այսօր վաղ առավոտյան իմացանք, որ քննիչը բարեհաճել է գոնե ծննդյան օրվա կապակցությամբ երեխային թույլ տալ տեսակցել մորը՝ Արեգնազ Մանուկյանին, սակայն դա կրելու է ընդամենը 1-անգամյա բնույթ: Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը և տեսակցությունները շարունակում են մնալ նույնը։ Աշուշտ, կարևոր է, որ այս օրով երեխան տեսնի իր մորը, բայց ընդհանուր առմամբ դա չի լուծում այն խնդիրը, որ երեխան ապրում է դժվարին հոգեբանական ժամանակաշրջան, և անգամ հոգեբան է նրա հետ աշխատում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը՝ հավելելով, որ այսօր ազատազրկման են դատապարտված Արեգնազ Մանուկյանը, Անդրանիկ Թևանյանը, Գագիկ Ծառուկյանը, Ավետիք Չալաբյանը, Արմեն Աշոտյանը, Մարտուն Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետության շատ այլ քաղաքացիներ։
Նա նաև պնդեց, որ բանտում Անդրանիկ Թևանյանին կտտանքների են ենթարկում։ Սուքիասյանի խոսքով՝ Թևանյանի խցի հզոր լույսը 24 ժամ միացրած են պահել՝ նրան տանջելու նպատակով:
ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ ասաց, որ անկախ այս դժվարություններից՝ քաղբանտարկյալները պինդ ու ամուր են։
«Ամենօրյա ռեժիմով իշխանությունները նոր մարդկանց են տանում կալանքի։ Ես կոչ եմ անում հանրային դեմքերին չլռել, իրենց կարծիքը հանրայնացնել։ Ուզում եմ Եվրոպական միության ներկայացուցիչներն իրենց պրիզմայով նայեն, հասկանան՝ նման բանն ընդունելի՞ է»,-ասաց Գառնիկ Դանիելյանը։
Ակցիայի մասնակիցները տարբեր կոչերով դիմեցին Եվրոպական միությանը՝ շենքի մոտ թողնելով Արեգնազ Մանուկյանի դստեր ծննդյան տորթը։


