
Ադրբեջանը միջնորդել է Իսրայել-Թուրքիա շփումներին, սակայն երկխոսությունը մարում է․ իսրայելցի պաշտոնյա
Վերջին տարիներին Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանի միջնորդությամբ հաղորդագրություններ են փոխանակել, չնայած վերջին ամիսներին նման հաղորդակցությունը նվազել է. Haaretz-ին հայտնել է բարձրաստիճան պաշտոնյան։
Նա հավելել է, որ Իսրայելը ներկայումս երկխոսություն չունի Թուրքիայի հետ, որին, նրա խոսքով, համարում է «մրցակից», բայց ոչ թշնամի պետություն։ Պաշտոնյայի Թուրքիայի վերաբերյալ դիտարկումները տեղի են ունենում երկու երկրների միջև հարաբերությունների աննախադեպ վատթարացման ֆոնին։
Հունիսին Իսրայելի կառավարությունը միաձայն հաստատել է արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի առաջարկը՝ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ քայլ, որից Իսրայելի կառավարությունները տասնամյակներ շարունակ խուսափել էին, մասամբ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա սրման վերաբերյալ մտահոգությունների պատճառով։
Ըստ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի՝ Սիրիայում գտնվող ավիաբազայի վրա Իսրայելի հարվածը երկու պետություններին գրեթե ներքաշել է ուղիղ ռազմական բախման մեջ։ Նա հավելել է, որ Անկարան տեղեկացված չի եղել գործողության մասին և կարող էր պատասխանել այնպես, կարծես իր վրա են հարձակվել։ «Սահմանին ինքնաթիռներ տեղակայելն առանց ծանուցման, առանց որևէ համաձայնության շատ վտանգավոր խաղ է», – նշել է Բարաքը։ Նա հավելել է, որ Իսրայելը «խաբում է թուրքերին»։
Աղբյուրը հաստատել է, որ Սիրիայի հետ անվտանգության համաձայնագրի շուրջ շփումները, որոնք տեղի են ունեցել անցյալ տարի, անհաջող են եղել, մասամբ այն պատճառով, որ Իսրայելը չի համաձայնվել հրաժարվել բուֆերային գոտու վերահսկողությունից։
Նա նաև գնահատել է, որ Իսրայելի հետ համաձայնագրի կնքման սիրիական մոտիվացիան նվազել է Միացյալ Նահանգների կողմից նրա դեմ պատժամիջոցների վերացումից հետո։ Աղբյուրի համաձայն՝ Իսրայելը և Սիրիան շարունակում են երկխոսությունը երկրի հարավում անվտանգության պայմանավորվածությունների վերաբերյալ։
Միևնույն ժամանակ՝ բարձրաստիճան պաշտոնյաները գնահատում են, որ Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունները կվերսկսվեն առաջիկա ամսվա ընթացքում, սակայն կոնկրետ ամսաթիվ դեռևս նշանակված չէ։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն օրեր առաջ իր գրասենյակում հանդիպել է Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Իսայի և Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբիի հետ, որոնք գլխավորում են կողմերի միջև բանակցությունները։


