
Հռոմի պապը Վատիկանից ուղերձ է հղել ԱՄՆ բանագնացների այցի ֆոնին
Հռոմի պապ Լևոն XIV-ը հույս է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունները վերսկսելու ուղղությամբ վերջին օրերին գործադրվող ջանքերը կոնկրետ արդյունք կտան և «տարածք կբացեն դիվանագիտության համար»։
«Ես կրկնում եմ բռնությանը վերջ դնելու, ավերածությունները դադարեցնելու և երկխոսության ու խաղաղության համար սրտերը բացելու կոչս։ Հուսով եմ, որ այս օրերին բանակցությունները վերսկսելու ուղղությամբ գործադրվող ջանքերը կոնկրետ արդյունքներ կտան և տարածք կբացեն դիվանագիտության համար»,- ասել է Լևոն XIV-ը սեպտեմբերի 6-ին՝ Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա «Անգելուսից» հետո։
Պապի հայտարարությունը հնչել է Ուկրաինայի պատերազմի կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ակտիվացած դիվանագիտական ջանքերի ֆոնին։ Սեպտեմբերի 5-ին ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆն ու Ջարեդ Քուշները Մոսկվայում ավելի քան երեք ժամ հանդիպել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հաջորդ օրը նրանք ժամանել են Կիև և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Կիևում ամերիկյան բանագնացների հանդիպումներին ներկա են նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականները։ Reuters-ի աղբյուրը չի հստակեցրել, թե կոնկրետ որ հանդիպումներին են նրանք մասնակցելու։
Ուկրաինական կողմը հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների, սակայն խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է անվտանգության հստակ երաշխիքների ապահովում։ Միաժամանակ Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները մի շարք առանցքային հարցերում շարունակում են էապես տարբերվել։
Լևոն XIV-ը բազմիցս հանդես է եկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման և բանակցային ճանապարհով խաղաղության հասնելու օգտին։ Նրա այսօրվա կոչը հնչել է այն պահին, երբ Վաշինգտոնը փորձում է նոր թափ հաղորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններին։


