
«Որտե՞ղ է ականջակալը». Պեսկովը պատմել է Փաշինյանի՝ հայերեն ելույթի մասին
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչ է մտածել, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ)+ գագաթնաժողովում սկսել է ելույթ ունենալ հայերենով։
«Ես մտածեցի՝ որտե՞ղ է այն ականջակալը, որը պետք է դնել՝ ռուսերեն թարգմանությունը լսելու համար։ Նաև մտածեցի՝ կլինի՞ արդյոք ռուսերեն թարգմանություն, կա՞ հայերենից ռուսերեն թարգմանիչ։ Թարգմանությունը եղավ»,- ասել է Պեսկովը «Վեստի» տեղեկատվական ծառայության հեղինակ Պավել Զարուբինին։
Կրեմլի խոսնակը հավելել է, որ Փաշինյանի՝ գագաթնաժողովում հայերեն ելույթը Հայաստանի ինքնիշխանության մասին ազդակ էր։
«Անկեղծ ասած՝ մենք չհասկացանք, թե ինչու միայն այդ մասին չի կարելի խոսել ռուսերենով։ Բայց դա պետության ղեկավարի ընտրությունն է, և մենք հարգում ենք այն։ Եթե դա այդքան կարևոր է, եթե դա գլխավորն է, ապա մենք նույնպես հարգանքով ենք վերաբերվում այդ ընտրությանը»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նույնպես խոսել էր Փաշինյանի՝ հայերեն ելույթ ունենալու որոշման մասին՝ այն տարօրինակ անվանելով։ Միաժամանակ նա նշել էր, որ Հայաստանի վարչապետը տիրապետում է ռուսերենին, սակայն հայերենը Հայաստանի պետական լեզուն է։
ՇՀԿ-ի գագաթնաժողովը Բիշքեկում անցկացվել է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ ՇՀԿ-ի և «ՇՀԿ+» ձևաչափի միջոցառումներին մասնակցել են 17 երկրների և վեց միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։
Փաշինյանը «ՇՀԿ+» ձևաչափի նիստում ելույթ է ունեցել հայերենով՝ ԱՊՀ երկրների առաջնորդներից միակը լինելով, որը չի օգտագործել ռուսերենը։


