
Մինչև 2040 թվականը մենք կարող ենք նույնքան կախված լինել ռուսական ուրանից, որքան 2022 թվականին՝ ռուսական նավթից ու գազից․ CSA
Ռուսաստանն առաջիկա 15 տարվա ընթացքում ուղղակիորեն կամ անուղղակիորեն կվերահսկի համաշխարհային ուրանի արտադրության մեկ երրորդը։ Այս եզրակացությանն են հանգել Centre for Strategic Advantage-ի (CSA) վերլուծաբանները։
Եթե հաշվի առնենք միայն Ռուսաստանում արդյունահանվող ուրանը, ապա Ռուսաստանի մասնաբաժինը համաշխարհային շուկայում 2024 թվականին կազմում էր ընդամենը մոտ 5%։ Սակայն «Ռոսատոմ»-ի Uranium One ընկերությունն ուրան է արդյունահանում Ղազախստանում, Տանզանիայում և Նամիբիայում, իսկ վերջերս պայմանագիր է կնքել Նիգերի հետ։ Ներառելով օտարերկրյա հանքերը՝ CSA-ն հաշվարկել է, որ Ռուսաստանը 2024 թվականին վերահսկել է աշխարհի ուրանի արդյունահանման հզորությունների գրեթե մեկ քառորդը։
Մինչև 2040 թվականն այս ցուցանիշը, ըստ վերլուծաբանների, կարող է հասնել 36%-ի։ «Մինչև 2040 թվականը մենք կարող ենք նույնքան կախված լինել ռուսական ուրանից, որքան 2022 թվականին՝ ռուսական նավթից և գազից», – նշել է CSA վերլուծաբան Գարեթ Հեյվուդը։
Նշվում է, որ ուրանի համաշխարհային պահանջարկը կարող է աճել առաջիկա տարիներին։ Այնուամենայնիվ, արդյունաբերության ներկայացուցիչները ցանկանում են ապահովել երաշխիքներ՝ նախքան ուրանի արտադրության ընդլայնման երկարաժամկետ ներդրումներ կատարելը։
Ռուսաստանն ԱՄՆ առևտրային ատոմակայանների համար ուրանի ամենամեծ մատակարարն էր։ 2024 թվականի մայիսին ԱՄՆ իշխանություններն արգելք են դրել Ռուսաստանից ուրանի ներմուծման համար, սակայն ներմուծումը թույլատրող բացառություններն ուժի մեջ են մնում մինչև 2028 թվականը։ Եվրամիությունը չի արգելել ռուսական ուրանի ներմուծումը։


