
Եթե մենք պատասխանեինք Սպիտակ տան և Դոնալդ Թրամփի յուրաքանչյուր թվիթին, աշխատելու ժամանակ չէինք ունենա․ Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունն անհրաժեշտ չի համարում արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի յուրաքանչյուր հրապարակմանը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարար Բենջամին Հադդադը՝ մեկնաբանելով Սպիտակ տան հրապարակումը։
Ներկայացված էր քարտեզ, որը ցույց էր տալիս Ֆրանսիայի Հանրապետության արտասահմանյան տարածքները՝ ներկված ամերիկյան դրոշի գույներով։ Խոսքը Կանադայի ափերի մոտ գտնվող ֆրանսիական Սեն Պիեռ և Միքելոն կղզիների, ինչպես նաև Կարիբյան ավազանում գտնվող ֆրանսիական տարածքների (օրինակ՝ Գվադելուպան և Մարտինիկան) մասին է։
Հադդադը Sud Radio-ի եթերում ԱՄՆ վարչակազմի պնդումներն անվանել է «քմահաճույք»։
«Եթե մենք պատասխանեինք Սպիտակ տան և Դոնալդ Թրամփի յուրաքանչյուր թվիթին, մենք աշխատելու ժամանակ չէինք ունենա։ Կարծում եմ, որ չարժե չափազանց շատ մեկնաբանել և չափազանց շատ արձագանքել նրա յուրաքանչյուր քմահաճույքին», – նշել է նա։
Նախարարը վստահեցրել է, որ Փարիզը հավատարիմ է իր արտասահմանյան տարածքներին։ Նա հիշեցրել է, որ Գրենլանդիայի ինքնիշխանության շուրջ ստեղծված իրավիճակում ԵՄ երկրներն, ի թիվս այլ բաների, օգտագործել են «հակա-հարկադրանքի գործիքը», որը թույլ է տալիս նրանց «հարված հասցնել ամերիկյան թվային ընկերություններին»։


