13 Սեպ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հուսիները գրավել են Եվրոպան Ասիային կապող ռազմավարական նեղուցը. վտանգված է միջազգային նավագնացությունը

Հուսիները գրավել են Եվրոպան Ասիային կապող ռազմավարական նեղուցը. վտանգված է միջազգային նավագնացությունը

Իրանի աջակցությունը վայելող հուսիները վերահսկողության տակ են վերցրել Եմենի Կարմիր ծովի ամբողջ ափը՝ գրավելով ռազմավարական երեք կղզի և Բաբ էլ-Մանդաբի նեղուցի յեմենյան հատվածը։ Տարածքը կարևորագույն ծովային միջանցք է, որը կապում է Եվրոպան և Ասիան:

Եմենի՝ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարության ներկայացուցիչների խոսքով՝ հուսիները գրավել են Բաբ էլ-Մանդաբի տարածքը, Մայյուն կղզին, նաև Մեծ և Փոքր Հանիշ կղզիները։ Դրանով խմբավորումը վերահսկողություն է հաստատել նեղուցի հարակից ամբողջ ափամերձ հատվածի նկատմամբ։

Բաբ էլ-Մանդաբի նեղուցը Կարմիր ծովի հարավային մուտքն է և կարևոր նշանակություն ունի դեպի Սուեզի ջրանցք անցնող միջազգային նավափոխադրումների համար։ Հուսիների առաջխաղացումը կարող է էապես խորացնել Մերձավոր Արևելքում պատերազմի ազդեցությունը համաշխարհային առևտրի վրա։

Հուսիների ռազմական գործողությունների հետևանքով, ըստ տարբեր աղբյուրների, մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 500 մարդ է զոհվել, իսկ ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ շուրջ 46 հազար մարդ տեղահանվել է։

Զուգահեռաբար Սաուդյան Արաբիան դադարեցրել է իր արևելք-արևմուտք նավթամուղի աշխատանքը՝ այն թիրախավորող մի քանի հարձակումներից հետո։ Ռիադը նավթամուղն ավելի ակտիվորեն օգտագործում էր Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով նավթի արտահանման այլընտրանքային ճանապարհ ապահովելու համար։

Հուսիների ռազմական խոսնակ Յահյա Սարիին հայտարարել է, որ Բաբ էլ-Մանդաբի նեղուցով նավագնացությունը անվտանգ է բոլորի համար, բացի Սաուդյան Արաբիայից։

Վերջին զարգացումները կարող են նոր ճնշում գործադրել նավթի համաշխարհային շուկայի վրա։ Անցած շաբաթ նավթի գինը գերազանցել էր մեկ բարելի դիմաց 100 դոլարը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ