
Գլենդելում հայ եղբայրները մտել են խնամքի այրվող կենտրոն ու փրկել 6 տարեցի
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում երկու հայ եղբայր մտել են այրվող շենք և փրկել ներսում գտնվող վեց տարեց բնակչի:
20-ամյա Ալեքս Բազինյանն ու նրա 15-ամյա եղբայր Նարեկը բնակվում են դեպքի վայրի հարևանությամբ։ Սեպտեմբերի 11-ին, երբ Mountain Street փողոցում գտնվող տարեցների խնամքի կենտրոնում հրդեհ է բռնկվել, եղբայրները տեսել են շենքից դուրս եկած բուժքրոջը, որը օգնություն էր խնդրում, և անմիջապես շտապել են ներս։
Նարեկը սկզբում փորձել է հանգցնել կրակը, սակայն կրակը շարունակել է տարածվել։ Եղբայրները, լսելով ներսում գտնվող մարդկանց օգնության կանչերը, մտել են ծխով լցված շենք և շենքից տարհանել են տարեց բնակիչներին։
Այդ պահին շենքում եղել են երկու բուժքույր և վեց տարեց բնակիչ։ Նրանցից մի քանիսը դժվարությամբ էին տեղաշարժվում։ Ալեքսն ու Նարեկը սկսել են օգնել նրանց դուրս գալ շենքից։ Եղբայրներին միացել նաև երկու հարևան, ինչի շնորհիվ բոլոր վեց տարեցները դուրս են բերվել շենքից։
Ալեքսը պատմել է, որ ամեն ինչ սկսվել է այն պահին, երբ նրանք տեսել են շենքից դուրս եկող բուժքրոջը։
«Մենք տեսանք, որ բուժքույրը դուրս է գալիս շենքից և օգնություն է կանչում։ Դրանից հետո մենք վազեցինք ներս։ Ներսում գետնին ընկած բազմաթիվ տարեցներ կային։ Ես սկսեցի մարդկանց դուրս բերել, իսկ եղբայրս մնում էր ներսում և օգնում մյուսներին։ Նրանցից ոմանք նույնիսկ չէին կարողանում խոսել, և ես չգիտեի՝ ինչով կարող եմ օգնել։ Ամեն ինչ շատ խառն ու ծանր էր։ Մենք շատ ծուխ շնչեցինք։ Փորձեցի մի տղամարդու դուրս բերել շենքից։ Նրան հասցրի մինչև շենքի կեսը, բայց նա հանկարծ սկսեց ցնցվել ու այլևս չկարողացա նրան տեղաշարժել: Ամեն դեպքում փորձեցի դուրս բերել այնքան, որքան կարող էի, մինչև հրշեջները եկան և օգնեցին։Մի կին էլ կաթետերով էր, որն ընկել էր հատակին: Ես չգիտեի՝ ինչ անել, քանի որ այն դուրս էր եկել։ Այդ ամենը շատ ծանր տեսարան էր։ Նման բան մենք երբեք չէինք տեսել։ Եթե կարող ես օգնել, պետք է օգնես։ Պարզապես միշտ օգնիր»,- պատմել է Ալեքս Բազինյանը:
Վերջին բնակչին դուրս բերելուց անմիջապես հետո շենքում պայթյուն է տեղի ունեցել։ Հրշեջ ծառայության ղեկավարի խոսքով՝ ենթադրվում է, որ պայթել է թթվածնի բալոն, ինչի հետևանքով շենքի մի հատվածը փլուզվել է։
Հրդեհի հետևանքով յոթ մարդ, այդ թվում՝ վեց տարեց բնակիչ և մեկ աշխատակից, տեղափոխվել է հիվանդանոց՝ թեթև վնասվածքներով։ Շենքը լրջորեն վնասվել է, իսկ հրդեհի պատճառը դեռևս պարզվում է:


