
Կոսովոյի նախկին նախագահը Հաագայի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ռազմական հանցագործությունների համար
Հաագայի դատարանի Կոսովոյի հարցերով մասնագիտացած պալատը Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին դատապարտել է 25 տարվա ազատազրկման՝ Սերբիայից անկախության համար մղված պատերազմի ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների 4 դրվագով․ գրում է Reuters-ը։
Թաչին, որը դատվում էր պարտիզանական շարժման երեք այլ նախկին առաջնորդների հետ, Հաագայում գործող դատավորների կազմի կողմից մեղավոր է ճանաչվել սպանության, խոշտանգումների, դաժան վերաբերմունքի և կամայական կալանավորման համար։
Դատավոր Չարլզ Սմիթը նշել է, որ Թաչին «օգտագործել է իր պաշտոնը, առաջնորդական դիրքը, հեղինակությունն ու կարգավիճակը»՝ խրախուսելու հանցագործությունները, այդ թվում՝ քաղաքական հակառակորդների և այն քաղաքացիական անձանց թիրախավորումը, որոնք Կոսովոյի ազատագրման բանակի (ԿԱԲ) գործունեության ընթացքում համարվում էին դավաճաններ։
«Ամբողջ կյանքիս ընթացքում ես կանգնած եմ եղել Կոսովոյի ժողովրդի կողքին՝ պաշտպանելով ազատությունը, կյանքն ու արժանապատվությունը։ Ես միշտ առաջնորդվել եմ ժողովրդավարության, հավասարության և արդարության արևմտյան գաղափարներով»,- փետրվարին՝ դատավարության ավարտին, դատավորներին ասել էր Թաչին։
Օգոստոսի վերջին նա Կոսովոյի լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ ակնկալում է լիակատար արդարացում։


