
Flydubai-ի ինքնաթիռը վթարից փրկել է իսրայելցի սանտեխնիկը․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին պատմել է, որ Flydubai ավիաընկերության ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը․ գրում է meduza.io-ն։
Թրամփի խոսքով՝ այդ ուղևորն աղմուկ է լսել օդաչուների խցիկից, ներս է մտել և դուրս քաշել երկրորդ օդաչուին, որը հարձակվել էր հրամանատարի վրա: Այդ պահին ինքնաթիռը սկսել է կտրուկ ցած իջնել, սակայն ուղևորը հավասարեցրել է այն՝ հիշելով ավիավթարների հետաքննության մասին հեռուստահաղորդումից սովորած օդաչուական հիմունքները: Ավելի ուշ կառավարումն իրենց ձեռքն են վերցրել նույն չվերթով թռչող փոխարինող անձնակազմի օդաչուները:
Թրամփը հայտարարել է, որ այս «անհավանական պատմությունն» իրեն պատմել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Նեթանյահուն հանդիպել է ուղևոր Յանիվ Հայունի հետ: Արյունոտ հագուստով այս ուղևորի լուսանկարը հրապարակվել էր աշխարհի տարբեր լրատվամիջոցներում: Հայունը վարչապետին պատմել է, որ ինքը քաշել է ղեկանիվը (շտուրվալը), և ինքնաթիռը սկսել է հավասարվել: Նեթանյահուն նրան հերոս է անվանել:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել երեկ՝ Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռում։


