
ՌԴ-ում սպասվող բանակցությունների ժամանակ Ուիթքոֆը «հող կնախապատրաստի» առաջնորդների հանդիպման համար
Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ՌԴ-ում Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում «հող կնախապատրաստի առաջնորդների մակարդակով հանդիպման համար»․ Օսլոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն։
«Սթիվ Ուիթքոֆը կմեկնի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կհանդիպի ռուսական ղեկավարության հետ և կքննարկի այս հանդիպման արդյունքները, ինչպես նաև եվրոպացի և ամերիկացի գործընկերների պատրաստած առաջարկները, և, հնարավոր է, հող կնախապատրաստի առաջնորդների մակարդակով հանդիպման համար»,- ասել է Ստյորեն։
Սակայն Politico-ն գրում է, որ Ուիթքոֆը Պուտինին կառաջարկի ուղիղ բանակցություններ Թրամփի և Զելենսկիի հետ։
Ուիթքոֆի հետ Օսլոյում հանդիպումից հետո Զելենսկին ինքը հայտարարել է, որ «կարևոր գաղափարներից մեկն առաջնորդների հնարավոր եռակողմ հանդիպմանն անցնելն է՝ լուծելու այն հարցերը, որոնք միայն առաջնորդները կարող են լուծել»։
«Սթիվը վաղը մեկնում է Ռուսաստան։ Կտեսնենք, թե ինչ կասի Պուտինը», - հավելել է Զելենսկին։
Միևնույն ժամանակ, Թրամփը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Պուտինն ու Զելենսկին պետք է լինեն «միայնակ սենյակում» խաղաղության համաձայնագրի հասնելու համար, ասել է. «Կախված է հանգամանքներից։ Նրանք պարտավոր չեն լինել միայնակ սենյակում։ Կարծում եմ՝ կան դա անելու այլ եղանակներ։ Նրանց համար դժվար է լինել նույն սենյակում»։


