
Ռուսաստանում արջերը չեն նահանջում․ նրանց հարձակումից 29 մարդ է մահացել
Գարնանից ի վեր Ռուսաստանի տարբեր մարզերում գորշ արջերի հարձակման հետևանքով մահվան 29 դեպք է գրանցվել։ Այս մասին են վկայում РИА Новости-ի հավաքագրած տվյալները։
«Այսօր մահացել է Կրասնոյարսկի երկրամասի լավագույն որսորդներից մեկը՝ Վիտալի Ելֆիմովը»,- գրում է լրատվականը։
Արջի հարձակման հետևանքով մահվան 2 դեպք էլ գրանցվել է Բուրյաթիայում, երեքական՝ Կամչատկայում և Տոմսկի մարզում, մեկական՝ Արխանգելսկի ու Վոլոգդայի մարզերում, Խաբարովսկի երկրամասում, Տուվայում և Ալթայի Հանրապետությունում: Իրկուտսկի մարզում զոհվել է յոթ, Կրասնոյարսկի երկրամասում՝ ութ մարդ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բնակչության անվտանգությունն ապահովելու և վտանգը չեզոքացնելու նպատակով՝ պատկան մարմինները ստիպված են եղել ծայրահեղ միջոցների դիմել․ տարեսկզբից ի վեր ՌԴ տարածքում ոչնչացվել է ավելի քան 3400 արջ:
Մասնագետները կենդանիների ագրեսիվ վարքագիծն ու բնակեցված շրջաններին մոտենալը պայմանավորում են անտառներում կերի պակասով և բնական ապրելավայրերի փոփոխությամբ, ինչը գիշատիչներին ստիպում է սնունդ փնտրել բնակավայրերում:


