02 Նոյ
2026
11° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սպիտակի ղեկավարը լիազորությունները քաղաքական նպատակներով է օգտագործել․ «Անկախ դիտորդ»

Սպիտակի ղեկավարը լիազորությունները քաղաքական նպատակներով է օգտագործել․ «Անկախ դիտորդ»

Սպիտակ համայնքում 2026 թվականի նոյեմբերի 29-ին սպասվում են ավագանու ընտրություններ, որին մասնակցելու համար առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր», «Բարոյական արժեքներ» և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները։ «Անկախ դիտորդ» դաշինքը իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, որը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը, իր պաշտոնական լիազորություններն օգտագործում է մրցակից քաղաքական ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Անկախ դիտորդը»։

«Այսպես, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով առաջադրվել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտակ Մաթոսյանը, 8 բնակավայրերի վարչական ղեկավարներ (Հարթագյուղ, Քարաձոր, Արևաշող, Մեծ Պարնի, Լեռնանցք, Գոգարան, Խնկոյան, Սարալանջ) և համայնքապետարանի 6 աշխատակից։ «Բարոյական արժեքներ» կուսակցության ընտրական ցուցակով առաջադրվել են համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Հովհաննիսյանը և 6 բնակավայրի վարչական ղեկավար (Կաթնաջուր, Սարամեջ, Շենավան, Լուսաղբյուր, Սարահարթ, Արջահովիտ):

Համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հոկտեմբերի 29-ի որոշմամբ զբաղեցրած պաշտոնից ազատել է համայնքի ղեկավարի տեղակալ, «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածու, Հովիկ Հրաչի Հովհաննիսյանին։ Ընդ որում՝ Հովիկ Հովհաննիսյանը գտնվել է արձակուրդում, ինչը աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելք է։ Այս որոշման մեջ որևէ պատճառաբանություն նշված չէ և պահպանված չեն ծանուցման ժամկետները։ (տե՛ս մեկնաբանություն 1)

Ավագանու թեկնածուների գրանցման օրը՝ 2026 թվականի հոկտեմբերի 30-ին, համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը որոշում է կայացրել զբաղեցած պաշտոնից ազատել նաև «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածուներ Կաթնաջուր բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Պապոյանին, Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավար Թամարա Մինասյանին և Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Փիլոյանին։ Այս որոշումները նույնպես չեն պարունակում փաստական հիմավորումներ։ (տե՛ս մեկնաբանություն 2,3,4)

Բացի այդ՝ Քաջայր Նիկողոսյանը 2026 թվականի հոկտեմբերի 30-ին գրություն է ուղարկել համայնքի վարչական ղեկավարներին առ այն, որ նրանք ձեռնպահ մնան արձակուրդներից առաջիկա մեկ ամսում՝ աշխատանքների պատշաճ կազմակերպումն ու անխափան ընթացքն ապահովելու նպատակով։ (տե՛ս մեկնաբանություն 5)

ՀՀ ընտրական օրենսգրքի 19-րդ և 137-րդ հոդվածների համաձայն՝ ընտրություններին մասնակցող թեկնածուներն ունեն նախընտրական քարոզչություն իրականացնելու և հավասար պայմաններից օգտվելու իրավունք: Վարչական ղեկավար հանդիսացող թեկնածուներին արձակուրդ չտրամադրելը կամ արձակուրդից ձեռնպահ մնալ պարտադրելն ըստ էության զրկում է նրանց քարոզարշավին լիարժեք մասնակցելու հնարավորությունից: Աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածը երաշխավորում է ընտրական իրավունքների իրացման նպատակով նպատակային արձակուրդի իրավունքը։

ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.8-րդ հոդվածով արգելվում է ծառայողական պարտականությունների և պաշտոնեական դիրքի օգտագործումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու կամ մրցակիցների նկատմամբ խտրական պայմաններ ստեղծելու նպատակով:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 27.1-ին և 32-րդ հոդվածների համաձայն՝ պաշտոնատար անձանց արգելվում է իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել կուսակցությունների համար փաստացի առավելություններ ապահովելու կամ մրցակիցներին խոչընդոտելու համար:

Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածը պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը սահմանում է որպես պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին։

«Անկախ դիտորդի» գնահատմամբ՝ Քաջայր Նիկողոսյանը պաշտոնից ազատելու և արձակուրդ չտրամադրելու իր լիազորությունները օգտագործում է մրցակից կուսակցության թեկնածուների նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով՝ ի շահ իրեն օգտագործելով վարչական ռեսուրսները»,- ասված է հայտարարությունում։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ