
Հայաստանին հաջողվել է ընդլայնել գործընկերների շրջանակը, բայց ոչ լիովին վերացնել իր կախվածությունը ՌԴ-ից․ The National Interest
Մերձավոր Արևելքում զգալի մարդկային և էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկրները հակված են իրենց դիրքավորել որպես «միջին տերություններ»: Այս հայեցակարգը, որն օրեցօր ավելի նորաձև է դառնում, այժմ կարծես գերհագեցած է բազմակողմ դաշինքների, բազմավեկտոր արտաքին քաղաքականության և նմանատիպ այլ թեմաներով գրված բազմաթիվ վերլուծություններով։
Գործընկերությունների բազմազանությունը հազիվ թե բնորոշ է միայն Մերձավոր Արևելքին: Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունները, որոնք գտնվում են Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Թուրքիայի միջև, այն կիրառել են 3 տասնամյակ՝ շատ ավելի մեծ ճնշման տակ, և նրանց փորձն ավելի հստակ ցույց է տալիս, թե ինչն է տարբերակում գործընկերներ հավաքող պետություններին ինքնուրույն գործելու ունակներից․ գրում է The National Interest-ը։
Հայաստանն իրեն չի դասում «միջին տերությունների» շարքին, սակայն այժմ «վարում է բազմավեկտոր քաղաքականություն»։ Ռուսաստանի հետ լարվածությունը դրդել է Երևանին ձևավորել ռազմավարական գործընկերությունների մի ամբողջ շարք եվրոպական և ասիական երկրների հետ։ 2024 թվականին Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)՝ հայտարարելով, որ չի վերադառնալու այնտեղ։ Բացի այդ՝ երկիրը հայտ է ներկայացրել Եվրոպական միությանն անդամակցելու համար, Վաշինգտոնի հետ ստորագրել է ռազմավարական գործընկերության խարտիա, ընդունել երկրի հարավով անցնող և ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Թրամփի երթուղին» (Trump Route), ինչպես նաև զենք ձեռք բերելու նպատակով դիմել Հնդկաստանին և Ֆրանսիային։
Այդուամենայնիվ, այս շրջադարձը դեռևս ամբողջական չէ. «Գազպրոմ»-ը վերահսկում է Հայաստանի գազաբաշխիչ ցանցը, ռուսական զորքը շարունակում է մնալ Գյումրիում, իսկ Մոսկվան ճնշում է գործադրում Երևանի վրա՝ պահանջելով ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև։ Այս պահին Հայաստանին հաջողվել է գործընկերների շրջանակն ավելի արագ ընդլայնել, քան կրճատել իր կախվածությունը։
Հարևան Ադրբեջանի օրինակն այս համատեքստում ավելի ցցուն է։ Երբ մարտի 5-ին իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածեցին Նախիջևանի էքսկլավում գտնվող օդանավակայանին, նախագահ Իլհամ Ալիևը հարձակումը որակեց որպես «ահաբեկչական գործողություն», բանակը բերեց լիարժեք մարտական պատրաստվածության և փակեց Իրանի հետ սահմանը։
Երբ 2024 թվականի դեկտեմբերին ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցեցին «Ադրբեջանական ավիաուղիներին» (Azerbaijan Airlines) պատկանող ինքնաթիռը, Բաքուն այնքան վճռականորեն պահանջեց պատասխանատվություն ստանձնել, որ ի վերջո Վլադիմիր Պուտինն ընդունեց մեղքը և համաձայնեց փոխհատուցում վճարել։
Ադրբեջանը ռազմավարական գործընկերություն ունի և՛ Վաշինգտոնի, և՛ Պեկինի հետ, իսկ հոկտեմբերին Ալիևը Միացյալ Նահանգներին և Չինաստանին անվանեց աշխարհի միակ գերտերությունները՝ Ռուսաստանին թողնելով ցուցակից դուրս։
Վերջերս Բաքուն մի փոքր հեռացել է իր ամենամոտ դաշնակցից՝ Թուրքիայից։ Ադրբեջանի նախագահը նաև իր կուսակցական համագումարում հայտարարեց, որ Ադրբեջանը «ոչ մեկի օգնության կամ հովանավորության կարիքը չունի», և հոկտեմբերի 30-ին բաց թողեց Անկարայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը՝ չնայած Էրդողանի անձնական հրավերին։ Սակայն Ադրբեջանի մանևրելու տարածքը շարունակում է սահմանափակվել իր խոշոր հարևանների պատճառով։


