02 Նոյ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
2018-ի սցենարը 2026-ին․ Փաշինյանը կրկին սպառնում է փողոցով

2018-ի սցենարը 2026-ին․ Փաշինյանը կրկին սպառնում է փողոցով

2018 թվականի հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն արդեն իշխանություն ունեին, բայց դեռ ամբողջությամբ չէին վերահսկում քաղաքական համակարգը։ Այդ օրը ՀՀԿ-ն՝ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի աջակցությամբ, ընդունեց ԱԺ կանոնակարգի փոփոխություն, որը Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը գնահատեցին որպես արտահերթ ընտրությունները խոչընդոտելու փորձ։ Փաշինյանի կոչից հետո հազարավոր քաղաքացիներ շրջափակեցին Ազգային ժողովի շենքը։

Ութ տարի անց Նիկոլ Փաշինյանը կրկին քաղաքական փակուղու լուծումը կապում է փողոցի հետ։ Փոխվել են միայն դերերն ու նպատակը։ Այն ժամանակ Փաշինյանն արդեն վարչապետ էր, բայց խորհրդարանում իշխանություն չուներ։ Հիմա ունի խորհրդարանական մեծամասնություն, սակայն չունի այնքան ձայն, որքան անհրաժեշտ է նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար։ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ընդդիմությունը դեմ քվեարկի նոր Սահմանադրության հարցով, հանրային ճնշում կգեներացվի, և այդ ճնշումը պետք է առաջնորդի հենց կառավարող մեծամասնությունը։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ABC Media-ի հետ զրույցում ասաց, որ ընտրված մեթոդը նույնն է, ինչ 2018-ին։

«Տպավորություն է, որ այն, ինչ մեկ անգամ աշխատել է, իշխանության կարծիքով՝ կարող է աշխատել նաև երկրորդ անգամ, և ճնշման միջոցով հնարավոր կլինի ընդդիմությանը ստիպել այս կամ այն հարցում կողմ կամ դեմ քվեարկել։ Բայց, անկեղծ ասած, գրեթե համոզված եմ, որ Փաշինյանն ինքն էլ լավ գիտի՝ այսօր իրական հանրային ճնշում գործադրելու նման ռեսուրս չունի, եթե խոսքը հենց հասարակական լայն մոբիլիզացիայի մասին է»,- կարծում է քաղաքագետը։

Ընդդիմությունը, սակայն, հայտարարում է՝ հնարավոր ճնշումը չի փոխի իր քվեն։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը պնդում է, որ նույնիսկ եթե Փաշինյանը հավաքի իր ամբողջ քաղաքական թիմն ու փորձի ճնշում գործադրել, իրենց որոշումը չի փոխվի, քանի որ ընտրողները նման մանդատ չեն տվել։ Իսկ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ հակադարձում է՝ իշխանությունն ընդդիմության հետ նման լեզվով խոսելով արդյունքի չի հասնելու։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հիշեցնում է նաև իշխանության՝ Հայ առաքելական եկեղեցու շուրջ հանրային ճնշում ձևավորելու տապալված փորձը։

«Այն, որ ճնշման գործիքը չի աշխատում, մենք արդեն տեսել ենք նաև Եկեղեցու դեմ պայքարի ընթացքում նրա տված խոստումների պարագայում։ Նա ասում էր, որ հանրային ճնշում կլինի, այսպես կլինի, այնպես կլինի, փորձեց ինչ-որ փոքրիկ հավաք կազմակերպել, բայց այդ ժամանակ Եկեղեցու հավատավոր զավակները շատ ավելի մեծ թվով էին հավաքվել, և այդ ամբողջ գործընթացը խայտառակ ձևով տապալվեց»,- ասաց քաղաքագետը։

Բայց խնդիրը միայն այն չէ՝ իշխանությունը կկարողանա՞ մարդկանց փողոց դուրս բերել, թե՞ ոչ։ Քաղաքագետը Փաշինյանի հայտարարությունների մեջ նաև հնարավոր բախումների ռիսկ է տեսնում։ Նրա գնահատմամբ՝ երբ ընդդիմության նկատմամբ ճնշում կազմակերպելու և այն առաջնորդելու մասին խոսում է հենց գործող իշխանությունը, քաղաքական հակամարտությունը կարող է դուրս գալ խորհրդարանի պատերից և տեղափոխվել փողոց։

«Բախումների վտանգներն այստեղ իրական են։ Իսկ եթե նման ճնշումը նախաձեռնում և առաջնորդում է հենց իշխանությունը, ապա դրա քաղաքական պատասխանատվությունն էլ, բնականաբար, ընկնելու է իշխանության վրա»,- վստահ է քաղաքագետը։

Գեղամ Մանուկյանն էլ առաջարկում է հիշել Փաշինյանի կենսագրությունն ու հասկանալ բախման վտանգի աստիճանը։

«Պետք է հիշեք, որ Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ գործունեության ընթացքում քաղաքացիական բախումների մոլի կողմնակից, նախաձեռնող և ինժեներ է եղել։ Մարտի 1-ից սկսած՝ հաջորդ տարիներին և իր վարչապետության ամբողջ ընթացքում նա տոտալ ներհասարակական հակամարտության հրձիգն ու դրա գլխավոր ճարտարապետն է եղել։ Եվ հենց դրա հետևանքով է, որ մեր հասարակական ու ներհասարակական հակամարտությունն այսօր, կարելի է ասել, սահմաններ չի ճանաչում»,- ասաց պատգամավորը։

2018-ին փողոցային ճնշման հաջորդ հանգրվանն արտահերթ ընտրությունն էր, որի միջոցով Փաշինյանի թիմը վերցրեց խորհրդարանական իշխանության ամբողջական վերահսկողությունը։ Ութ տարի անց իշխանությունը կրկին խոսում է խորհրդարանական դիմադրությունը հանրային ճնշմամբ հաղթահարելու մասին։ Այս անգամ էլ քաղաքական համաձայնության փոխարեն Փաշինյանը խաղադրույք է դնում առճակատման վրա՝ այն դարձնելով նոր Սահմանադրության ճանապարհին դիմադրությունը կոտրելու գործիք:

ԳԱՌՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ