
ՀՀ դեսպանն Իրանի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի հիմնական սկզբունքները
Դեսպան Գրիգոր Հակոբյանը ՀՀ դեսպանությունում ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Արա Շահվերդյանին և անդամներ Գեղարդ Մանսուրյանին, Սեյեդ Մոհամմադ Սաադաթ Էբրահիմիին և Սեյեդ Մոհամմադ Ջամալիանին․ տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրանի օրենսդիր մարմինների փոխգործակցությանը, գործող բարեկամության խմբերի միջև շփումներն առավել ակտիվացնելու քայլերին:
Դեսպան Գրիգոր Հակոբյանն ԻԻՀ պատգամավորներին է ներկայացրել Իրանի հետ երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, ընդգծել փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում հարաբերություններն առավել խորացնելու պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակմանը, որի համատեքստում ՀՀ դեսպանը զրուցակիցներին է ներկայացրել TRIPP ուղու շուրջ ձեռք բերված վերջին պայմանավորվածություններն ու հիմնական սկզբունքները»,- ասված է հաղորդագրությունում։


