23 Նոյ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նոր Սահմանադրության նախագիծը սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը․ սահմանադրագետ

Նոր Սահմանադրության նախագիծը սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը․ սահմանադրագետ

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը համարում է արտաքին պահանջներին ընդառաջ գնալու և գործող իշխանության քաղաքական շահերը սպասարկելու փորձ։ Նրա գնահատմամբ՝ փաստաթղթում չկան այնպիսի համակարգային փոփոխություններ, որոնք կհիմնավորեին նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտությունը։

ABC Media-ի հետ զրույցում Մելոյանն ասաց, որ նախագծի հիմնական նպատակը, իր համոզմամբ, Անկախության հռչակագրին հղումից հրաժարվելն է՝ բավարարելով Ադրբեջանի նախապայմանը։ Նա փաստաթուղթն անվանեց «ալիևյան սահմանադրություն»։

«Եթե գործող Սահմանադրության նախաբանում շեշտադրված են պետականության վերականգնումը, հայրենիքի հզորացումը, սերունդների ազատությունը և համամարդկային արժեքները, ապա նոր նախագծում խոսվում է Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ պետություն կառուցելու մասին»,- ասաց նա՝ հավելելով, որ «միջազգայնորեն ճանաչված տարածք» ձևակերպումը կարող է հարցեր առաջացնել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության տեսանկյունից։

Նա մտահոգություն հայտնեց, որ նման ձևակերպումը հետագայում կարող է օգտագործվել Հայաստանի պետականության դեմ։

Սահմանադրագետը նախագծում տեսնում է նաև Թուրքիայի նախապայմանի կատարման տարրեր։ Նրա խոսքով՝ տասնամյակներ շարունակ թուրքական կողմը պահանջել է Հայաստանի սահմանադրությունից հեռացնել Արարատ լեռան անվանումը, իսկ նոր նախագծում Արարատի մասին հիշատակում չկա։

«Այս նախագծում բացակայում է Արարատ լեռան անունը։ Սա հերթական՝ մեկ այլ պետության նախապայմանի բավարարում է և հերթական զիջում»,- ասաց Մելոյանը։

Նա խնդրահարույց համարեց նաև նախագծի այն դրույթը, որով Հայաստանի Հանրապետության հիմնադիր է հռչակվում ժողովուրդը, իսկ ժողովուրդը սահմանվում է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Սահմանադրագետի կարծիքով՝ այս ձևակերպումը հարցեր է առաջացնում Սփյուռքի՝ հայ ժողովրդի մաս լինելու և պետականության կայացման գործում ունեցած դերակատարության վերաբերյալ։

Մելոյանը, սակայն, նկատեց, որ նոր նախագծի շուրջ առանձին դրույթների քննարկումից առաջ անհրաժեշտ է գնահատել փաստաթղթի ընդհանուր ուղղվածությունը։ Նրա համոզմամբ՝ այն ոչ թե բխում է հայ ժողովրդի շահերից, այլ խոցելի է դարձնում Հայաստանի պետականությունն ու ինքնիշխանությունը։

Անդրադառնալով աշխարհիկ պետության մասին դրույթին՝ սահմանադրագետն ասաց, որ այս հարցում էական փոփոխություն չկա, քանի որ գործող Սահմանադրությամբ ևս ամրագրված է Հայաստանի աշխարհիկ բնույթը։ Նա նաև իշխանություններին մեղադրեց Հայ առաքելական եկեղեցու իրավունքներն ու ազատությունները խախտելու համար։

«Նախագծի մի շարք դրույթներ ուղղված են նաև գործող իշխանության դիրքերի ամրապնդմանը և հետագա վերարտադրմանը։ Ընդդիմությունը պայքարելու է նոր Սահմանադրության ընդունման դեմ և այն համարում է Հայաստանի հիմնարար շահերին հակասող փաստաթուղթ»,- ասաց նա։

Սեդա Մակարյան

Ռազմագերիներ   Ռազմագերիներ