
Ձեր պաշտպանության նախարարը համաներումով է ազատվել, միգուցե ճիշտ է երբեմն համաներում չանելը․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին
Ես հիշում եմ, որ Ձեր նախորդող նախարարը ժամանակին պրեզենտացիա արեց, ինչ-որ մակետ էին պատրաստել, շնորհանդեսի պես ինչ-որ բան արեցին, ցույց տվեցին, որ պետք է Հայաստանում նոր բանտ կառուցվի։ Կառուցվե՞լ է դա։ Ձեր կառավարությունը սիրում է ցույց տալ բաներ, որոնք պիտի կառուցվեն, բայց չեն կառուցվում, օրինակ՝ Աջափնյակի մետրոն, Ակադեմիական քաղաքը և այլն, բայց իրական արդյունք չի լինում․խորհրդարանում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարց ուղղեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
«Ու հետևանքը լինում է այն, որ մեր հազարավոր քաղաքացիներ, որոնք անազատության մեջ են, գտնվում են անտանելի պայմաններում։ Եվ հիմա Դուք ասում եք՝ մենք համաներում էլ չենք կիրառում, որովհետև դա կրկնակի հանցագործություն է լինում։ Ես չգիտեմ, հավանաբար Ձեր ասելուց ինձ մոտ էլ անհանգստության տեղ կա, օրինակ՝ պաշտպանության ներկա նախարարը բանակում կատարած հանցագործության համար համաներումով է ազատ արձակվել, և միգուցե կան դեպքեր, որ ճիշտ է, որ մնան, պատիժը մինչև վերջ կրեն․․․»,-շարունակեց պատգամավորը՝ հավելելով, որ պետությունն ինքն է որոշում՝ ինչ տիպի հանցագործությունների համար այդ համաներումը կիրառի։
«Եթե մարդիկ բանտից դուրս են գալիս, նորից հանցագործություն են անում, դա ձեր թերությունն է, դա ո՞ւմ եք ասում, բա բանտային կալանքի ընթացքում պետությունն այնպիսի միջամտություն պետք է իրականացնի այդ մարդկանց կյանքում, որ նրանք այնպիսի վարքագիծ դրսևորեն, հետագայում հանցագործություններ չանեն»,- շարունակեց հարցեր հղել ընդդիմադիր պատգամավորը։
Նա հարցրեց նաև՝ ի՞նչ է արվում Բաքվի բանտերում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ազատ արձակելու ուղղությամբ․ «Այ ինձ, օրինակ, հետաքրքիր է՝ Դուք որպես արդարադատության նախարար ի՞նչ ջանքեր եք գործադրում անազատության մեջ գտնվող մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ»։
Նախ Սրբուհի Գալյանը նշեց, որ իրենց կառավարությունն «այն կառավարությունն է, որը կառուցել և կառուցում է 300 դպրոց ու 500 մանկապարտեզ, և շարունակում է կառուցել»։
«Երկրորդ՝ տպավորություն էր Ձեր հարցից, որ Դուք նախորդ մեկ ժամվա ընթացքում այստեղ չեք եղել և չեք լսել քննարկումը։ Ես ասում էի՝ այո, չենք կառուցել նոր քրեակատարողական հիմնարկը, որովհետև այդ ֆինանսական միջոցներն ուղղվել են այլ կարիքների բավարարմանը, և հիմա գտել ենք ձև հաղթահարելու խնդիրը, և ձևը պետություն-մասնավոր գործընկերությունն է, և առաջիկայում առաջ ենք շարժվելու հենց այս ձևաչափով»,- ասաց նախարարը։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանում գտնվող մեր քաղաքացիների հետ կապված խնդրին, սա այն հարցն է, որտեղ աշխատում են ոչ թե մասնավոր ֆիզիկական անձինք, այլ աշխատում է պետությունը և պետական ինստիտուտները։ Եվ ես, որպես մասնավոր անձ, և թեկուզ արդարադատության նախարար, որևէ մանրամասն Ձեզ չեմ պատրաստվում հայտնել այդ գործընթացից, բայց ուզում եմ ասել, որ դա հարց է, որով մենք զբաղվում ենք ամեն օր՝ մենք ասելով՝ նկատի ունեմ պատկան մարմիններին»,-նշեց ՀՀ արդարադատության նախարարը։


