06 Նոյ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կաթողիկոսի և եպիսկոպոսների գործի քննությունը ձգձգելու միտում կա․ Զոհրաբյան

Կաթողիկոսի և եպիսկոպոսների գործի քննությունը ձգձգելու միտում կա․ Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանը մեղադրող և տուժող կողմերի՝ դատական նիստին չներկայանալու մեջ Ամենայն հայոց կաթողիկոսի և եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործի քննությունը ձգձգելու միտում է տեսնում։ Նրա գնահատմամբ՝ այդ կերպ երկարաձգվում են հոգևորականների նկատմամբ կիրառվող սահմանափակումները, և նրանք շարունակում են մնալ ճնշման տակ։

Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Արման Սարոյանի բացակայության պատճառների մասին հարցին, Զոհրաբյանը նշեց, որ չի կարող հստակ պատասխանել և կարող է միայն ենթադրություն անել։

«Նիստի քարտուղարի հրապարակած տեղեկության համաձայն՝ դատախազներից մեկը գործուղման մեջ է եղել, մյուսը՝ զբաղված այլ դատական նիստով։ Սակայն գործով ներգրավված մյուս դատախազների բացակայության պատճառների մասին տեղեկություն չի ներկայացվել։ Սա ուղիղ խոսում է այս գործընթացը սաբոտաժ անելու մասին»,- հայտարարեց նա։

Զոհրաբյանը հիշեցրեց, որ Արման Սարոյանը քաղաքացիական հայցով վիճարկել էր Ամենայն հայոց կաթողիկոսի՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ տնօրինությունը։ Այդ գործի վերաբերյալ դատարանը կիրառել էր հայցի ապահովման միջոց՝ արգելելով խոչընդոտել նրա պաշտոնավարմանը։

«Հետագայում Սարոյանին կարգալույծ հռչակելը դատախազությունը մեկնաբանել է որպես այդ դատական ակտի կատարմանը խոչընդոտում։ Կաթողիկոսի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումը վերաբերում է հենց այդ հանգամանքին»,- ասաց Զոհրաբյանը։

Նա նշեց, որ եպիսկոպոսներին մեղադրում են Գերագույն հոգևոր խորհրդի անդամի կարգավիճակով Սարոյանին կարգալույծ հռչակելու առաջարկին կողմ քվեարկելու, իսկ Կաթողիկոսին՝ համապատասխան որոշումը կայացնելու համար։ Նա հիշեցրեց նաև, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է Սարոյանի հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Զոհրաբյանի ներկայացմամբ՝ դատարանը գտել է, որ թեմի առաջնորդի նշանակման և պաշտոնից ազատման հարցերը կարգավորվում են ներեկեղեցական կանոններով, իսկ տվյալ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության։

Փաստաբանի գնահատմամբ՝ այս հանգամանքը ևս վկայում է հոգևորականների նկատմամբ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելու մասին։

«Ակնհայտ է, որ Վեհափառ Հայրապետը և մյուս եպիսկոպոսները մեղադրվում են իրենց կանոնական լիազորությունների մեջ մտնող գործողություն կատարելու համար»,- ասաց Զոհրաբյանը։

Փաստաբանի խոսքով՝ Կաթողիկոսը և գործով մեղադրվող եպիսկոպոսները չեն կարող Հայաստանից դուրս գալ։ Նա ընդգծեց, որ այդ սահմանափակումների հետևանքով Կաթողիկոսը չի կարող իր հովվական առաքելությունն իրականացնել արտերկրի թեմերում։ Փաստաբանի գնահատմամբ՝ այսպիսով խոչընդոտվում է նաև Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը։

«Անհիմն մեղադրել են բարձրաստիճան հոգևորականներին, և այսօր էլ անհիմն շարունակում են այդ սահմանափակումների տակ իրենց պահել»,- հայտարարեց նա։

Զոհրաբյանը նաև հայտնեց, որ Եկեղեցին հետագայում Սարոյանին իրավական պահանջներ է ներկայացնելու ֆինանսական միջոցների կառավարման և եկեղեցական գույքի առնչությամբ։ Նա պնդեց, որ ֆինանսական միջոցները կառավարվել և վատնվել են ապօրինի։

«Որքան ձգի, այնքան ավելի մեծանալու է վնասը և մեր պահանջի չափը»,- ասաց փաստաբանը։

Գառնի Մութաֆյան

Ռազմագերիներ   Ռազմագերիներ