
Տեսեք՝ Հայաստանում վիճակն ինչքան վատ է, որ Գեղամ Մանուկյանն ինձ է ցիտում, ես՝ նրան․ ՀԱԿ փոխնախագահ
Հայաստանում ժողովրդավարության հետընթացը պայմանավորված է ոչ միայն ներքաղաքական գործընթացներով, այլև աշխարհաքաղաքական հնարավոր վերադասավորումներով․ ԱԺ-ում այսօր խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանություններին արտաքին դերակատարների կողմից, ըստ էության, ազատություն է տրվել՝ շարունակելու ժողովրդավարության նահանջը՝ պայմանով, որ իշխանությունը կատարի իրեն վերապահված աշխարհաքաղաքական դերը։
Մանուկյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է այդ դերակատարությանը, և ստեղծված վիճակի պատճառները պետք է փնտրել հենց այդ համատեքստում։
«Հայաստանի իշխանություններին տրված է «քարտ բլանշ»՝ արա՛ ինչ ուզում ես, մենք աչք ենք փակելու Հայաստանի ժողովրդավարության կորստի գործընթացի վրա, և պահելու ենք իշխանությունն այնքան, ինչքան դու պատրաստ ես լինելու որպես գործիք լինել։ Այստեղ է գաղտնիքը», - ասաց ՀԱԿ փոխնախագահը։
Մանուկյանը նշեց՝ Հայաստանին փորձում են վերապահել նոր միջազգային գործառույթ, ինչը կարող է երկիրը վերածել աշխարհաքաղաքական հակամարտությունների գործիքի։
Նա քննադատեց նաև այն քաղաքական ուժերին, որոնք ընդդիմադիրներին մեղադրում են ռուսամետ լինելու համար՝ հիշեցնելով, որ Հայաստանի եվրոպական և ամերիկյան գործընկերների հետ հարաբերությունները նախկինում ևս զարգացած են եղել։
Անդրադառնալով ընդդիմադիրների համախմբմանը՝ Արամ Մանուկյանը նշեց, որ ինքը սկզբունքային տարաձայնություններ ունի Դաշնակցության հետ և չի ընդունում այդ կուսակցության գաղափարախոսությունը, սակայն ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է համագործակցությունը։
«Տեսեք՝ Հայաստանում վիճակն ինչքան վատ է, որ Գեղամ Մանուկյանն ինձ է ցիտում, ես՝ նրան։ Վիճակն այնպիսին է, որ ՀՀՇ-ն ու Դաշնակցությունն իրար ձեռք են բռնում։ Աստված տա՝ գան բարի ժամանակներ, այնպես հավեսով քննադատենք, ոնց որ միշտ քննադատել ենք»,- ասաց Արամ Մանուկյանը։
Նրա համոզմամբ՝ ձևավորվող քաղաքական դաշինքը հնարավորություն կունենա կանխելու Հայաստանի՝ արտաքին ուժերի գործիք դառնալը։
Անի Աբաղյան


