27 Նոյ
2026
7° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սահմաններից ռուսներին հեռացնելու հետևում քաղաքական հաշվարկ կա. Տիգրան Աբրահամյան

Սահմաններից ռուսներին հեռացնելու հետևում քաղաքական հաշվարկ կա. Տիգրան Աբրահամյան

Ռուս սահմանապահների հնարավոր հեռացման և Հայաստանի սահմանապահ ծառայության վերափոխման հարցը միայն ծառայության կազմակերպման փոփոխության խնդիր չէ։ Հայաստանի իշխանությունների հայտարարած նպատակը՝ առաջիկա տարիներին ամբողջությամբ ստանձնել պետական սահմանների պահպանությունը, մի շարք հարցեր է առաջացնում՝ արդյոք առկա՞ են դրա համար անհրաժեշտ մարդկային, տեխնիկական և ֆինանսական ռեսուրսները, և ինչպիսի՞ն է լինելու անվտանգության նոր համակարգը։

Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Հայաստանի ներկայիս հնարավորությունները բավարար չեն պետական սահմանի այդքան մեծ հատվածն ամբողջությամբ սեփական ուժերով պահպանելու համար։ Նրա խոսքով՝ ռուս սահմանապահների հնարավոր հեռացումը կարող է սահմանային խոցելիության խնդիր առաջացնել։

«Սահմանային խոցելիություն է միանշանակ ունենալու Հայաստանի Հանրապետությունը։ Իհարկե, տեխնիկական որոշակի միջոցներ կան, որոնք առաջնագծում հնարավորությունները մեծացնում են արդյունավետ կառավարման կամ անվտանգության ռիսկերի չեզոքացման տեսանկյունից, բայց անկախ այդ ամենից՝ նաև մարդկային ռեսուրսի ներգրավվածության խնդիր կա»,- ABC Media-ի հետ զրույցում նշեց Աբրահամյանը։

Փորձագետի խոսքով՝ սահմանների պահպանության հարցը չի սահմանափակվում տեխնիկական վերահսկողության միջոցների ներդրմամբ։ Դրանք կարող են բարձրացնել վերահսկողության արդյունավետությունը, սակայն չեն վերացնում մարդկային ուժի անհրաժեշտությունը։ Խնդիրն առավել ընդգրկուն է՝ անհրաժեշտ է ապահովել ամբողջ սահմանագծի մշտադիտարկումը, հնարավոր խախտումներին արձագանքելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան ուժեր արագ ներգրավելու կարողությունը։

Աբրահամյանի գնահատմամբ՝ ռուս սահմանապահների ներկայության հարցն առաջին պլան է եկել ոչ թե այն պատճառով, որ Հայաստանը գտել է սահմանների պահպանության այլընտրանքային լուծում, այլ նաև քաղաքական հանգամանքների ազդեցությամբ։ Նա չի բացառում, որ գործընթացը կարող է կապ ունենալ իշխանությունների՝ եվրոպական ուղղությամբ ունեցած քաղաքական ձգտումների հետ։

«Հասկանալի է, որ այստեղ խնդիրն առաջին պլան է եկել ոչ թե նրա համար, որ Հայաստանը տեսնում է կամ ունի հնարավորություններ այլ ձևով դա լուծելու, այլ այստեղ բնականաբար նաև քաղաքական հարց կա ռուսական ներկայության հետ կապված, միգուցե դա որոշակիորեն կապ ունի Հայաստանի իշխանությունների, այսպես կոչված, եվրոպական ձգտումների հետ, և դա կա՛մ պահանջ է, կա՛մ Հայաստանի կողմից, այսպես ասած, բարի կամքի դրսևորում»,- ասաց պատգամավորը։

Այս համատեքստում, նրա խոսքով, կարևոր է տարբերակել քաղաքական որոշման հնարավոր շարժառիթներն ու դրա իրականացման գործնական հնարավորությունները։ Սահմանների ինքնուրույն պահպանության տարբերակներ տեսականորեն կարող են քննարկվել, սակայն դա դեռ չի նշանակում, որ դրանք այս պահին կիրառելի են Հայաստանի համար։

«Տեսականորեն կարելի է քննարկել, բայց մի բան է, թե տեսականորեն ինչ կա, մի բան է, թե գործնականում այս պահին ինչ կարելի է իրականացնել։ Ինձ այս պահին որևէ առարկայական սցենար չեմ տեսնում»,- նշեց Աբրահամյանը։

Այսպիսով, ռուս սահմանապահների հնարավոր հեռացման հարցում առանցքային է մնում ոչ միայն քաղաքական որոշումը, այլև դրա գործնական ապահովումը։ Սահմանապահ ծառայության վերափոխումը ենթադրում է հստակ պատասխաններ՝ ինչ ուժերով, ինչ տեխնիկական միջոցներով, ինչ ֆինանսավորմամբ և ինչ ժամկետներում է Հայաստանը կազմակերպելու պետական սահմանի ամբողջական պահպանությունը։

Նանե Հայրապետյան

Ռազմագերիներ   Ռազմագերիներ