
Ինձ Պրահայից հետ ուղարկեցին՝ ասելով՝ 070 կոդով անձնագրերը չեն ճանաչում. արցախցի լրագրողն ահազանգում է
Այսօր երեկոյան պետք է Գրենոբլում լինեի՝ AYK հայկական միջազգային կինոփառատոնում, որտեղ պիտի ներկայացնեի «Լինում է, չի լինում» ֆիլմը՝ արցախցի չորս կանանց մասին․ ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի լրագրող Սիրանուշ Սարգսյանը։
«Կազմակերպիչները տոմսը գնել էին Պրահայով տրանզիտով։ Ես վիզայով էլ չէի գնում, որովհետև ունեմ Պորտուգալիայի կացության քարտ, որն ինձ իրավունք է տալիս ազատ տեղաշարժվել Շենգենյան գոտում։ Իսկ Հայաստանի կառավարությունը 070 կոդով անձնագրերը ճանաչում է որպես ճամփորդական փաստաթուղթ։
Ինձ հետ ուղարկեցին՝ անգամ անվտանգության ստուգման չհասած։ Ոչ մի գրավոր փաստաթուղթ չտվեցին, որով գոնե հետո կարողանայի ավիաընկերությունից փոխհատուցում պահանջել։ Բանավոր ասացին՝ Պրահայով չես կարող թռչել։ Ու ես կոտրված վերադարձա տուն։ Մի ամբողջ շաբաթ ամեն մանրուք պլանավորել էի՝ ամեն օրվա ծրագիրը, քաղաքից քաղաք տոմսերը, ամեն ինչ։ Նույնիսկ իմ էջերում գրել էի, որ գնալու եմ, ու մարդկանց հրավիրել էի գալ ինձ հանդիպելու։
Դեսպանին նամակ գրեցի։ Գրեցի, որ լրագրող եմ, մարդու իրավունքների պաշտպանություն եմ սովորել, բայց անգամ իմ սեփական իրավունքը չեն թողնում պաշտպանել։ Այսօր առավոտ շուտ պատասխանեցին, որ Չեխիան 070 կոդով անձնագրերը չի ճանաչում։ Բայց այդ տեղեկությունը նշված է հատկապես վիզա դիմողների համար, իսկ ես վիզա չեմ դիմել։ Ես այդ երկիր նույնիսկ չէի մտնելու, պարզապես տրանզիտով էի անցնելու։ Միայն այս տարի 5 երկիր եմ այցելել, ընդհանուր առմամբ՝ 30։ Ունեմ ԱՄՆ-ի, Կանադայի և մի քանի շենգենյան վիզաներ։ Երբեք նման բան չէր եղել։
Հիմա գանք մեր ոչ բարով Հայաստանի իշխանություններին։ Սկզբում մեզ զրկեցին քաղաքացիությունից։ Բայց եթե այս անձնագիրը ձևակերպել եք որպես ճամփորդական փաստաթուղթ, ինչո՞ւ այն չի ճանաչվում։ Երբ այս խնդիրների մասին խոսվում էր, ինչո՞ւ չփորձեցիք լուծել։ Այդքան արագ քայլերով Եվրոպա եք վազում. փորձե՞լ եք գոնե պարզել ու վերացնել այս խտրականությունը, որ հենց ձեր կողմից բնորոշված ճամփորդական փաստաթղթի տրամաբանությանն է հակասում, և պաշտպանել մեր տեղաշարժվելու իրավունքը։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էլ պատասխանեց, որ Wizz Air-ը մասնավոր ընկերություն է, և ինքը չի կարող միջամտել։ Ուրեմն ո՞վ պետք է պաշտպանի այն մարդուն, ում պետության ճանաչած փաստաթուղթը չի ընդունվում։
Արցախի շրջափակման պատճառով մենք արդեն զրկվել էինք տեղաշարժվելու իրավունքից։ Ամեն ինչ կորցրած հասանք Հայաստան, և այստեղ էլ նույն փակ դռներն են։
Ամեն ճամփորդությունից առաջ հիմա պետք է երկիր առ երկիր ճշտենք, թե ով ինչ է կարծում մեր անձնագրի մասին»,- գրել է նա։


