
Գերմանիան ու Ավստրիան կոչ են արել TikTok-ի եվրոպական բիզնեսը հանձնել եվրոպական վերահսկողությանը
Գերմանիան և Ավստրիան կոչ են արել TikTok-ի եվրոպական բիզնեսը հանձնել եվրոպական սեփականությանն ու վերահսկողությանը՝ պնդելով, որ միայն կարգավորումը չի կարող լուծել տվյալներին և ալգորիթմներին հասանելիության վերաբերյալ մտահոգությունները․ գրում է Euronews-ը։
Գերմանիայի մշակույթի և լրատվամիջոցների նախարար Վոլֆրամ Վայմերի խոսքով՝ չինական սեփականություն հանդիսացող հարթակը «հիմնարար ռիսկեր է ներկայացնում եվրոպական անվտանգության քաղաքականության համար»։
Նա այս հայտարարությունն արել է Վիեննայում Ավստրիայի թվային հարցերով պետական քարտուղար Ալեքսանդր Պրյոլի հետ հանդիպումից հետո։
Համատեղ հայտարարության մեջ երկու քաղաքական գործիչները կոչ են արել ստեղծել «TikTok-ի եվրոպական բիզնեսի համար եվրոպական սեփականության կառուցվածք և եվրոպական պատասխանատվություն հիմնական տեխնոլոգիական ենթակառուցվածքների համար՝ առաջարկությունների ալգորիթմից մինչև տվյալների հասանելիություն»։
Հայտարարության մեջ նշվում է, որ Գերմանիան և Ավստրիան մտադիր են իրենց առաջարկի համար համաեվրոպական աջակցություն ստանալ դեկտեմբերի 2-ին Բրյուսելում կայանալիք Հեռահաղորդակցության և էներգետիկայի (TTE) խորհրդի նիստում։


