
Դա ՀԿ-ի դիրքորոշում է, ոչ թե դատական իշխանության․ ԱՆ-ը՝ Դատավորների միության հայտարարության մասին
Հայաստանի դատավորների միությունը դատական իշխանության ինստիտուցիոնալ համակարգի մաս չի կազմում, չունի այդ մարմիններին բնորոշ հատուկ իրավական կարգավիճակ և գործում է հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրության ու սեփական կանոնադրության հիման վրա։ Հետևաբար՝ դրա տարածած հայտարարություններն իրավական բնույթով հասարակական կազմակերպության հայտարարություններ են․ անդրադառնալով Դատավորների միության՝ Սահմանադրության նախագծի մասին դիտարկումներին՝ հայտարարություն է տարածել Արդարադատության նախարարությունը։
Դատավորների միությունը, նշենք, հայտարարությամբ ահազանգել էր, որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման և քննարկման գործընթացում դատական իշխանությունը պատշաճ ներկայացված չի եղել. որևէ դատավոր չի մասնակցել այդ գործընթացին։ Կառույցն ընդգծել էր նաև, որ դատավորների անկախության համար վտանգ է ներկայացնում գործող դատավորների անփոփոխելիության և պաշտոնավարման շարունակականության երաշխիքները կասկածի տակ դնող նախաձեռնությունների առաջ քաշումն ու պաշտոնական շրջանառությունը պետական բարձրագույն մակարդակով։
«Նման նախաձեռնություններն արդեն իսկ ինքնին կարող են ստեղծել դատավորների նկատմամբ անուղղակի ճնշման պայմաններ և խաթարել դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքների նկատմամբ վստահությունը։ Նման մոտեցումները հակասում են իրավունքի գերակայության սկզբունքից և դատավորների անկախության եվրոպական չափանիշներից բխող պահանջներին»,- մանրամասնել էին միությունից։
Այս ամենը մեկնաբանելով՝ նախարարությունն արձագանքում է, որ միության հայտարարությունից պարզ չէ, թե հասարակական կազմակերպության ո՞ր մարմինն է ընդունել այն, քանի՞ անդամ է մասնակցել դրա քննարկմանը և հավանություն տվել դրա բովանդակությանը, արդյոք առկա՞ է կանոնադրությամբ սահմանված կարգով ընդունված համապատասխան որոշում, որով հաստատվել է հայտարարության տեքստը և որոշվել դրա հրապարակման հարցը։
«Հրապարակված չեն նաև հայտարարությունը ստորագրած կամ դրան միացած դատավորների անունները։ Հանրային նշանակություն ունեցող նման հարցերի վերաբերյալ հայտարարությունների դեպքում կարևոր է ոչ միայն դրանց բովանդակությունը, այլև այն, թե ում դիրքորոշումն են դրանք արտահայտում և ինչ ընթացակարգով է այդ դիրքորոշումը ձևավորվել։ Չվիճարկելով հասարակական կազմակերպության՝ իր դիրքորոշումն ազատորեն արտահայտելու իրավունքը՝ անհրաժեշտ է ընդգծել, որ տարածված հայտարարությունը հասարակական կազմակերպության անունից հրապարակված հայտարարություն է, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության դատական իշխանության, դատական համակարգի, որևէ դատական ատյանի կամ պաշտոնավարող դատավորների՝ որպես ամբողջության, պաշտոնական դիրքորոշումը»,- հավելում են ԱՆ-ից։
Ի դեպ, Դատավորների միության հայտարարությունը դրվատել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ սրտանց հիանում է Հայաստանի դատավորների խիզախությամբ։


