27 Նոյ
2026
7° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն Վենեսուելային ու Իրաքին դրդել է դիտարկել ՕՊԵԿ-ից դուրս գալու հնարավորությունը

ԱՄՆ-ն Վենեսուելային ու Իրաքին դրդել է դիտարկել ՕՊԵԿ-ից դուրս գալու հնարավորությունը

Թրամփի վարչակազմը դեռ այս տարվա սկզբին Վենեսուելային և Իրաքին դրդել է դիտարկել ՕՊԵԿ-ից (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) դուրս գալու հնարավորությունը, ինչպես նաև խոչընդոտել է Վենեսուելային՝ կազմակերպությանը վճարելու իր տարեկան անդամավճարները։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով խնդրին ծանոթ 10 անձանց։

Այս քայլերը, որոնց մասին նախկինում չէր հաղորդվել, ուղղված էին ՕՊԵԿ-ի 5 հիմնադիր անդամներից երկուսի դեմ։ Սա անսովոր մարտահրավեր էր մի կազմակերպության, որին նախագահ Դոնալդ Թրամփը երկար ժամանակ մեղադրում է նավթի գները արհեստականորեն բարձր պահելու համար։

Քննարկումներին տեղյակ անձանց խոսքով՝ այդ շրջանում ԱՄՆ պաշտոնյաները երկու երկրներում էլ հորդորում էին ավելացնել նավթի արդյունահանումն ու ներդրումները, իսկ որոշ անձինք մտավախություն ունեին, որ ՕՊԵԿ-ի սահմանած արդյունահանման սահմանափակումները կարող են խոչընդոտել այդ հավակնությունների իրականացմանը։

Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի գործադրած ճնշումն այնքան ուժեղ է եղել, որ այս ամառ միջամտել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը՝ համոզելով Թրամփի վարչակազմին այլևս չպնդել այդ հարցում։

Իրաքի վարչապետ Ալի Ֆալեհ ալ-Զաիդին այս ամառ կառավարության նիստերից մեկի ժամանակ բարձրացրել է ՕՊԵԿ-ից դուրս գալու հնարավորության հարցը։ Ըստ խնդրին ծանոթ աղբյուրների՝ դրան նախորդել էին քննարկումներ ԱՄՆ պաշտոնյաների հետ։

ԱՄՆ պետդեպարտամենտը չի պատասխանել հարցին, թե արդյոք խոչընդոտել է Վենեսուելային՝ վճարելու ՕՊԵԿ-ի անդամավճարը։ Սակայն գերատեսչությունը հաստատել է, որ Վաշինգտոնը լիազորություն ունի որոշելու Վենեսուելայի պետական միջոցների տնօրինման կարգը. խոսքն ԱՄՆ վերահսկողության տակ գտնվող հաշվի մասին է, որը բացվել է Նիկոլաս Մադուրոյի հեռացումից հետո։

Պաշտոնյան նշել է, որ հնարավոր է՝ ԱՄՆ ավելի ցածր օղակի պաշտոնյաները դեռ այս տարվա սկզբին Վենեսուելայի կառավարության հետ քննարկած լինեն ՕՊԵԿ-ից դուրս գալու հարցը, սակայն «բարձրաստիճան պաշտոնյաների բարձրացրած հարցերի շարքում դա չի եղել»։

Մինչդեռ, ըստ պաշտոնյայի, Պետդեպարտամենտի՝ Իրաքի հետ ունեցած զրույցները «կենտրոնացած են եղել էներգետիկ ենթակառուցվածքների բարելավման վրա՝ էներգակիրների արտադրությունն ու տեղափոխումն ավելացնելու նպատակով, այլ ոչ թե ՕՊԵԿ-ի»։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ