Սա առաջին դեպքը չէ․ ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է՝ ՀՀ իշխանությունը կդատապարտի շրջափակված Լենինգրադի հուշարձանի պղծման դեպքը
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Երևանում շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանի վանդալիզմի դեպքը․
«Խստորեն դատապարտում ենք Երևանում շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանի վանդալիզմի դեպքը։ Խոր ցավով նշում ենք, որ սա Ռուսաստանի և Հայաստանի համար ընդհանուր պատմության հերոսական էջերին նվիրված հուշարձանների պղծման առաջին դեպքը չէ։
Տեսնում ենք բարեկամ հայ ժողովրդի կողմից տեղի ունեցածի նկատմամբ սուր արձագանքը, նույնը ակնկալում ենք նաև ՀՀ իշխանություններից, ինչպես նաև ակնկալում՝ այսուհետ նման բարբարոսության դրսևորումները կկանխվեն։
Նման գործողություններով հրապարակային արշավ է սանձազերծվում՝ փորձ անելով սևացնել Ռուսաստանի դերը՝ Հարավային Կովկասում։
Թույլ չենք տա ծաղրել շրջափակման ժամանակ զոհված 1 մլն 384 հազար լենինգրադցիների պայծառ հիշատակը։
Ակնհայտ հանցագործության կապակցությամբ համագործակցում ենք գերատեսչությունների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի հետ, որը քրեական գործ է հարուցել վանդալիզմի այս փաստով։
ՌԴ-ն պաշտոնական դիմում է հղել ՀՀ Գլխավոր դատախազությանը։
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի այն քաղաքացիներին, որ անտարբեր չեղան՝ նոր ծաղկեպսակներ դնելով հուշակոթողին։
Ոչ ոքին չի հաջողվի վերաշարադրել Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմությունը։ Հիտլերյան Գերմանիայի դեմ մեր երկրների ժողովուրդների, այդ թվում ռուսների և հայերի համատեղ պայքարի և նացիզմի դեմ նրանց հաղթանակի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»: