ABCMEDIA
Ինչպե՞ս է որոշվում ալիմենտի չափը. ներկայացնում է փաստաբանը

Ինչպե՞ս է որոշվում ալիմենտի չափը. ներկայացնում է փաստաբանը

Փաստաբան, «Հայց» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Տիգրան Գրիգորյանը «Օրե/ինաչափ» հաղորդաշարի ամուսնալուծության մասին թողարկման ընթացքում անդրադարձել է ալիմենտի հարցին՝ նշելով, որ  ծնողների միջև երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում դատարանն իրավունք ունի բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանել և կայուն դրամական գումարով, և բաժիններով, որոնց չափը որոշվում է երեխայի նախկին կենսապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից՝ հաշվի առնելով ծնողների գույքային և ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը:

 

Փաստաբանը խոսել է նաև, թե ինչպես է որոշվում ալիմենտի չափը։

 

«Եթե ալիմենտը վճարվում է ծնողերի փոխադարձ համաձայնությամբ, ապա նրանք են որոշում ալիմենտի չափը և այն վճարելու կարգը։

Ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով՝ հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով՝

 

ա) մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը,

բ) երկու երեխաների համար՝ մեկ երրորդը,

գ) երեք և ավելի երեխաների համար՝ կեսը»,- ասել է Գրիգորյանը

 

Սակայն, եթե  ծնողը չունի կայուն եկամուտ, ալիմենտի բռնագանձման չափը որոշում է դատարանը՝ ելնելով երեխայի լավագույն շահից, հաշվի առնելով ծնողների գույքային ու ընտանեկան դրությունը, նաև ուշադրության արժանի շահերը։

 

Ամուսնալուծությունից հետո երեխաների բնակության վայրը ևս որոշվում է առաջին հերթին ծնողների փոխադարձ համաձայնությամբ։ Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխաների լավագույն շահերից և հաշվի առնելով  երեխայի կարծիքը։ Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն)։