Վճարների, տուրքերի ավելացումը, հանրային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից սակագնի բարձրացումը բերելու է բնակարանների 10-15 տոկոսով թանկացման. Արմեն Սաքապետոյան
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի առաջարկով այսօր հրավիրել է լսումներ տեղական տուրքերի և վճարների բարձրացման հետևանքով առաջացած խնդիրների վերաբերյալ։
Օրենքով, Երևանի քաղաքապետարանի որոշումներով սահմանված կարգավորումները կառուցապատողների համայնքում առաջացրել են տարակուսանք և զարմանք, իսկ առանձին կառուցապատողների համար կարող են հանգեցնել տնտեսական ծանր հետևանքների:
Ինչպես հայտարարել է հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, լսումներին հրավիրվել են մասնակցելու «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն, ինչպես նաև դրա կազմի մեջ չմտնող առանձին տնտեսվարողներ, Գործատուների հանրապետական միության նախագահը, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի, Երևանի քաղաքապետարանի, կառավարության և այլ մարմինների ներկայացուցիչներ։
«Շինարարության ոլորտում տուրքերի ավելացումը որոշակի և օբյեկտիվ դժգոհություններ է առաջացրել։ Խնդիրը միայն կառուցապատողին չի վերաբերում, գործ ունենք նաև բնակարանային ապահովման հարցի հետ։ Տուրքերի ավելացումն իր ազդեցությունն է թողնում շինարարության ծախսերի, ինչպես նաև վաճառքի գնի վրա։ Պետք է քննարկել հարցը նաև այս ասպեկտով, թե տուրքերի բարձացումն ինչ ազդեցություն կունենա անշարժ գույքի շուկայում»,-ասել է ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նա առաջարկել է քննարկման առարկա դարձնել նաև պետական տուրքերի վերաբերյալ ռազմավարությունը, եթե իհարկե, կա այդպիսին։
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը քննարկմանը ներկայացել էր կազմակերպության կողմից կատարված հաշվարկներով, որոնք բաժանվեցին լսումների մասնակից անձանց։
«Տեղային բնույթի խնդիրներն են Երևան քաղաքի ավագանու կողմից տեղական տուրքերի և վճարներ սահմանող իրավական ակտերը, որոնք վերաբերում են Երևան քաղաքին։ Կան նաև հանրապետական մաշտաբի խնդիրներ, որոնց հանդիպում են կառուցապատողները թե Երևանում, թե դրանից դուրս աշխատանքների իրականացման ժամանակ»,-ասել է Գրիգորյանը։
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանն իր խոսքում հիշեցրել է, որ ուղիղ մեկ տարի առաջ սկսել է շրջանառվել «Տեղական տուրքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսում էր շինթույլտվության համար նախատեսված գործող տուրքը փոխել։
ՀԿ անդամներն այդ առումով նաև անհասկանալի են համարում, թե ինչպես են հաշվարկվում այս տուրքերն ու վճարները։
«Մի կողմ դնելով այն, որ կառավարության որոշումը հակասում է ավագանու որոշմանը, մեզ մոտ ստացվել է մի իրավիճակ, երբ Կենտրոնում՝ առաջին երեք գոտիներում կառուցապատում իրականացնելն ավելի գրավիչ ու շահութաբեր է, քան մյուս գոտիներում»,-ասել է Արմեն Սաքապետոյանը։