12 Հլս
2024
34° c ԵՐԵՎԱՆ
27.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այս փուլում «խոպանչիներին» Հայաստանում չեն հարկի. փուլային տարբերակով կգնան հարկման ներդրմանը

Այս փուլում «խոպանչիներին» Հայաստանում չեն հարկի. փուլային տարբերակով կգնան հարկման ներդրմանը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «խոպանչիներին» հարկելու թեմային։

Նա ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ են բողոքում արտագնա աշխատանքի մեկնողները։

«Հայաստանի հարկային օրենսդրության ամբողջ պատմության ընթացքում գործել է հետևյալ կանոնը, որ ՀՀ ռեզիդենտը վճարում է թե՛ Հայաստանում ստացած եկամուտները, թե՛ արտասահմանում, բայց կան նաև բացառություններ։ Որևէ մեխանիզմ չի եղել այդ պարտականությունը կյանքի կոչելու, մենք 2020 թվականին ԱՊՀ  շրջանակներում միացել ենք համաձայնագրի, որով նախատեսվում է, որ հարկային մարմիններն իրար միջև կփոխանակեն էլեկտրոնային տեղեկություններ միմյանց քաղաքացիների ստացած եկամուտների ու վճարած եկամտային հարկի մասին»,- ասել է Բադասյանը։

Նրա խոսքով՝ առաջին անգամ նախորդ տարի են ստացել այդ տեղեկությունը, սկսել են վարչարարություն իրականացնել։

Ռուսաստանում գործում է 13 տոկոս դրույքային չափ, Հայաստանում՝ 20 տոկոս։

«Այսինքն՝ այնտեղ աշխատել է 100 դրամ, 13 դրամ վճարել է ՌԴ պետական բյուջե, 7 դրամ էլ պետք է վճարի ՀՀ պետական բյուջե»,- կոնկրետացրել է Նիկոլ Փաշինյանը։

Ռուստամ Բադասյանը նշել է, թե օբյեկտիվ դժգոհություններից մեկն այն է, որ եթե ՌԴ-ում չգրանցված աշխատանք է եղել, ապա տեղեկությունը Հայաստանում չէին ստանալու, հետևաբար, լրացուցիչ հարկային պարտավորություններ չէին առաջադրելու։

«Գնում ենք այն ճանապարհով, որ բոլորը վճարեն եկամտային հարկերը, ուղղակի այդ դեպքում ստացվում է այնպես, որ չգրանցվածի վերաբերյալ տեղեկություններ չենք ստացել, իսկ գրանցվածի  վերաբերյալ ստացել ենք, բացի այդ, քանի որ երբևէ նման հարկային պարտավորություններ չեն հայտարարագրվել ու եկամտային հարկ չի վճարվել, այդ դեպքում որոշակի տույժեր են հաշվարկվել, կարծում ենք՝ մենք կարող ենք որոշակի օրենսդրական փոփոխություններով մեղմել ու վերացնել այս ազդեցություններն ու գնանք փուլային տարբերակով հայտարարագրման համակարգի սահուն ներդրմանը»,- ասել է Բադասյանը։

Նա նշել է, թե այս փուլում արտագնա աշխատողներին Հայաստանում չեն հարկի։