24 Նոյ
2024
13.3° c ԵՐԵՎԱՆ
14.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հետ հարցազրույցի քաղաքական մերժումը՝ «ժողովրդավարության բաստիոնում»․ՀԺՄ

Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հետ հարցազրույցի քաղաքական մերժումը՝ «ժողովրդավարության բաստիոնում»․ՀԺՄ

Փետրվարի 8-ին, որպես Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ և «168 ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր, ըստ կարգի՝ դիմել եմ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ (ՔԿԾ) Ամբակում Գրիգորյանին՝ խնդրելով թույլատրել ինձ, aravot.am կայքի գլխավոր խմբագիր Աննա Իսրայելյանին և 24news.am կայքի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանին մինչև փետրվար ամսվա վերջ թույլատրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հարցազրույց ունենալ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ: Դիմումի մեջ տեղեկացրել էի, որ Արմեն Աշոտյանը համաձայնել է հարցազրույցի ձևաչափով հանդիպում ունենալ մեզ հետ, ինչը վերջինս ամրագրել էր նաև ՔԿԾ ղեկավարությանը հասցեագրած իր դիմումով:

 

Փետրվարի 16-ին մեր դիմումը մերժվեց՝ անհեթեթ ու փնթի հիմնավորմամբ, այնքան փնթի, որ անգամ ՔԿԾ համապատասխան պաշտոնյայի՝ մեզ հասցեագրված պատասխանից նկատելի էր՝ մերժել են, որովհետև դիմել էինք ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հետ հարցազրույց վարելու նպատակով:

 

Այսպես, ՔԿԾ կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գևորգ Հովհաննիսյանի անունից մեզ հասցեագրված պատասխանի մեջ նախ վկայակոչված էր «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը, համաձայն որի՝ ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, իսկ կալանավորված անձանց՝ նաև ԶԼՄ ներկայացուցիչների և այլ անձանց հետ տրամադրվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ: Ապա հավելել էին, որ կալանավորված անձին մերձավոր ազգականների, ԶԼՄ ներկայացուցիչների կամ այլ անձանց հետ ամսվա ընթացքում տրամադրվում է ԱՌՆՎԱԶՆ ԵՐԿՈՒ կարճատև տեսակցություն՝ մինչև 3 ժամ տևողությամբ, ու «ավետել էին»,  որ 2024թ. փետրվարի 16-ին ստացված տեղեկանքի համաձայն՝ Արմեն Աշոտյանն օգտվել է իր փետրվար ամսվա հասանելիք տեսակցություններից, ուստի հնարավոր չէ տրամադրել վերջինիս հետ տեսակցությունը:

Եթե այս տեքստը գրողները կամ այն ստորագրողը ամեն կերպ չձգտեին կատարել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյան-Նիկոլ Փաշինյան զույգի հրահանգը, մեկ անգամ գոնե կկարդային՝ ինչ հիմնավորմամբ են մերժում: Օրենքն ասում է՝ «ԱՌՆՎԱԶՆ ԵՐԿՈՒ» կարճատև տեսակցություն, ինչը նշանակում է, որ նույն օրենքով կարգավորված է նաև լրացուցիչ տեսակցության տրամադրումը: Սա դեռ մեկնաբանում եմ իրենց ուղարկած պատասխանի տրամաբանության մեջ:

Ի դեպ, ի գիտություն այս պատասխանը ստորագրողի, այն գրողների ու գրելու հրահանգը տվողների՝ բացի նշված օրենքից, կա նաև կառավարության համապատասխան որոշում «ՀՀ ԱՆ ՔԾ՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին», որով կարգավորվում են նշված հարցերը:

Այդ որոշման մեջ նաև տեսակցությունների տրամադրման կարգի մասին է նշվում, և որոշման 139-րդ կետը սահմանում է, թե ՀՀ օրենսդրությամբ սահմանված քանակից ավելի տեսակցություն ում չի կարող տրամադրվել: Իսկ այդպիսին չի կարող տրամադրվել բացասական բնութագրվող, ոչ օրինապահ վարքագիծ դրսևորող, աշխատանքի կամ ուսման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերող, տույժ ունեցող կալանավորված անձին կամ դատապարտյալին:

Հիմա հարց՝ մեզ ուղարկված պատասխանը ստորագրած Գևորգ Հովհաննիսյանը, ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ են ասել՝ նշվածներից ո՞ր հիմքով է մերժվել Արմեն Աշոտյանին լրացուցիչ տեսակցության տրամադրումը, եթե ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպումը դիտարկենք իրենց տրամաբանության մեջ ու ընդունենք որպես տեսակցություն:

 

Հետաքրքիր է՝ այս պատասխանի հեղինակներն ինչպե՞ս էին պատկերացնում՝ լրագրողները ձայնագրիչներով պիտի գնային նստեին կարճատև տեսակցության ընդհանուր սենյակում, մյուս տեսակցողների հե՞տ: Կամ արդյո՞ք որևէ կալանավորված անձի ընտանիքի անդամը կարճատև տեսակցության գնալիս կարող է իր հետ ձայնագրիչ ներս տանել, ինչպես լրագրողներն են անում: Եվ երբ վերոնշյալ անձանց գլխում ծնվում էր այս կերպ հարցազրույցը «ցրելու» հանճարեղ միտքը, չէի՞ն մտածում, որ հարցեր կարող են առաջանալ, իսկ չգիտեի՞ն, որ երբ լրագրողը, ասենք, որևէ միջոցառում է  լուսաբանում ՔԿՀ-ում, հընթացս հարցազրույցներ է անում կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ, այդ դեպքում դրանք ինչո՞ւ տեսակցություններ չեն համարվում:

 

Արմեն Աշոտյանը ՔԿՀ-ում չի կաշկանդվում ու հոդվածների միջոցով իր ասելիքը հասցնում է իր լսարանին, և լրագրողների միջոցով թե առանց նրանց, պատասխանում է հասարակությանը հուզող հարցերին: Տրամաբանական չէ, որ ՔԿԾ պետը, այսքանը հասկանալով ու քաջ իմանալով, կարող էր խոչընդոտել խմբագիրների մուտքն Արմեն Աշոտյանի մոտ ու դառնալ թիրախ: Ակնհայտ է, որ այս որոշումը թելադրված է բարձրագույն մակարդակում, Նիկոլ Փաշինյանի կողմից, որն Ամբակում Գրիգորյանին հասել է Գրիգոր Մինասյան խողովակով:

 

Վերոնշյալ հիմնավորումները, օրենքները և նախադեպերը հաշվի առնելով՝ ակնհայտ է դառնում, որ մեր մուտքը քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի մոտ՝ հարցազրույց անելու նպատակով, մերժվել է քաղաքական խմբի ղեկավարի անմիջական հրահանգով:

 

Իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրի պատասխանատու պաշտոնյաները վստահաբար լավ գիտեն՝ տեղեկությունների հավաքագրումը լրագրողական գործունեության կարևոր նախապատրաստական քայլ է և մամուլի ազատության պաշտպանության ենթակա բաղկացուցիչ մասը: Ազատազրկվածները պետք է մամուլի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենան, քանի դեռ առկա չեն այն արգելելու ծանրակշիռ պատճառներ անվտանգության և կարգի պահպանության, հանրային շահի կամ տուժողների, այլ դատապարտվածների կամ անձնակազմի պաշտպանության նկատառումներով: Եվ սա  Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Եվրոպական բանտային կանոնների մասին» (2006թ.) թիվ 2 հանձնարարականով է ամրագրված:

 

Ի վերջո, բացի ներքին կարգավորումներից, այս հարցերը նաև միջազգային ստանդարտներով են կարգավորվում: Եվ, այնուամենայնիվ, ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը երաշխավորում է կարծիքն ազատ արտահայտելու յուրաքանչյուրի իրավունքը, ինչը տվյալ պարագայում խոչընդոտվում է պետական մարմնի կողմից: Լրագրողական գործունեության  և խոսքի ազատության իրացման երաշխիքներն ամրագրված են օրենքով, ըստ որի՝ լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն՝ իրավահավասարության, օրինականության, խոսքի ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա:

 

ՔԿԾ կամ այլ իրավասու մարմնի կողմից լրագրողի դիմումի մերժումը՝ ընդհանրական բնույթի որևէ պատճառաբանությամբ, նշանակում է խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությունը, իսկ լրագրողական մասնագիտական անխոչընդոտ աշխատանքն ունի հանրային կարևորություն:

 

Հ.Գ. Ի դեպ, Արմեն Աշոտյանի հետ հարցազրույց կազմակերպելու խնդրանքով մեր դիմումը ՔԿԾ ղեկավարությանը թվագրված է փետրվարի 8-ի ամսաթվով: Մեր դիմումի պատասխանը ստացել ենք փետրվարի 16-ին: Իսկ Նիկոլ Փաշինյանը ՔԿԾ-ում է եղել փետրվար 14-ին: Փետրվարի 14-ին ՔԿԾ-ում է եղել նաև արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Իսկ միգուցե մեզ ուղարկված ՔԿԾ պատասխան նամակի բովանդակությունը հենց այդ օ՞րն է հստակեցվել:

 

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

 

Սաթիկ Սեյրանյան