ABCMEDIA
Շտապօգնության մեքենայով դատարան հասնող Գագիկ Խաչատրյանին թույլ չեն տալիս արտերկրում վիրահատվել․ պաշտպան

Շտապօգնության մեքենայով դատարան հասնող Գագիկ Խաչատրյանին թույլ չեն տալիս արտերկրում վիրահատվել․ պաշտպան

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը չկայացավ։ Պատճառը կրկին Խաչատրյանի առողջական վատ վիճակն էր։

«Առողջական վատ վիճակի պատճառով Գագիկ Խաչատրյանը դատարան էր ներկայացել շտապօգնության մեքենայով, որի ընթացքում կաթիլային դեղորայք էր ստանում։ Այս իրավիճակում, բնականաբար, ցանկացած նորմալ պարագայում չպետք է նիստին ներկայանար, իսկ դատարանն էլ նման իրավիճակում չպիտի նիստ սկսեր»,- հայտարարել է Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Փաստաբանի խոսքով՝ Խաչատրյանը ստիպված է լինում առողջական խնդիրների առկայության դեպքում ներկայանալ նիստերի դահլիճ, որպեսզի չասեն, թե խուսափում է քննությունից։

«Այն դեպքերում, երբ Խաչատրյանի առողջական վիճակը վատ էր ու չէր ներկայանում, երկու դատախազը կալանավորման միջնորդություն է ներկայացրել, իհարկե, այդ միջնորդությունները մերժվել են»,-ասել է Սարգսյանը։

Վերջինիս խոսքով՝ Խաչատրյանն ունի այնպիսի հիվանդություն, որը Հայաստանում չի բուժվում, ու վերջինիս տեղափոխումը ցավոտ է ստացվում։

«Կա ողնաշարի ստենոզ, որը ճնշում է գործադրում նյարդերի վրա, որից էլ մկաններն  ու վերջույթները թուլանում են, ու ցավ է առաջանում։ Այս մասին դատարանին պարբերաբար ասում ենք, բայց դատերը շաբաթը մեկ նշանակվում են։ Ստիպված գալիս ենք, փորձում է մնալ նիստերին, բայց նորից վատանում է, միջնորդում ենք, որ նիստը հետաձգեն, որովհետև կդառնա անիմաստ, ձևական պրոցես։ Անձը չի գիտակցում՝ պրոցեսում ինչ է տեղի ունենում, բայց այն անպայման պիտի տեղի ունենա»,-նշել է Սարգսյանը։

Նշենք, որ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին վիրահատություն է պետք։ Պաշտպանի խոսքով՝ մի շարք մասնագիտական հետազոտություններից հետո եզրահանգում է եղել, որ Հայաստանում այդ վիրահատությունը հնարավոր չէ իրականացնել, հետևաբար այն պիտի իրականացնել արտասահմանում։

«Այստեղ կալանքի ժամանակ թույլ չեն տալիս այդ բուժումը ստանալ, ստիպված դիմեցինք Եվրոպական դատարան, իսկ Եվրոպական դատարանն էլ հրատապ միջոց կիրառեց․ ՀՀ կառավարությանը պարտավորեցրեց, որպեսզի ապահովեն Գագիկ Խաչատրյանի բժշկական ապահովությունը՝ իր ընտրած բժշկի կողմից»։

Երեմ Սարգսյանի խոսքով՝ դատարանը Խաչատրյանին կալանքից ազատեց, բայց երբ միջնորդություն ներկայացվեց, որ նախկին պաշտոնյային տանեն արտասահման՝ վիրահատության, դատարանը գրեց, թե իբր ապահովել են Եվրոպական դատարանի պահանջը։

Սարգսյանը դատարանի և դատախազության ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ իրավական պետությունում, իր երկրի իրավական մասը կազմող Եվրոպական դատարանի որոշումը չի կատարվում ու սա անթույլատրելի է։

«Պետության ու դատարանի պատճառով անձի առողջական վիճակն ավելի է սրվում, ու ամբողջ պատասխանատվությունը բարդվում է դատարանի ու այն պաշտոնատար անձանց վրա, ովքեր այս պրոցեսը չեն ապահովի»,-նշել է նա։

Նա պնդել է, որ դատարանն ու դատախազությունը ստեղծել է մի այնպիսի վիճակ, երբ իրենց մեղադրում են դատական նիստերի տապալման մեջ, բայց իրականում հենց իրենք են մեղավոր։ «Նախաքննության փուլից Գագիկ Խաչատրյանին պիտի թույլ տային գնալ վիրահատության ու համապատասխան բուժում ստանալ, հիմա բուժված վիճակում նիստերը տեղի կունենային։ Բայց երբ մարդը հիվանդ է, գալիս է նիստի ու վիճակը վատանում է, մեզ են մեղադրում, ասում են՝ դուք եք ձգձգում, բայց քանի որ Խաչատրյանի առողջական վիճակը վատ է, անգամ օրենքով չի կարելի ներկայանալ այդ նիստերին»,-հայտարարել է Սարգսյանը։