22 Դեկ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե մենք չհեռացնենք այս իշխանությանը, անընդհատ խնդիրներ ենք ունենալու․ Հայկ Մարության

Եթե մենք չհեռացնենք այս իշխանությանը, անընդհատ խնդիրներ ենք ունենալու․ Հայկ Մարության

Ամբողջ պետությունն է վտանգված, քանի դեռ այս իշխանությունն է այսօր կառավարում․ այս մասին «Նոր ուժ» կուսակցության հիմնադիր համագումարին ասել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մենք չպետք է Տավուշի դեպքերը տարանջատենք այսօրվա ընդհանուր խնդիրներից, և այս բոլոր խնդիրները իրականում հետևանք են մեր իշխանության անհետևողական, չկապակցված և չմտածված գործողությունների: Տավուշից հետո Ադրբեջանը նոր պահանջներ է դնելու, հետևաբար, հարցը պետք է գլոբալ լուծվի, այս իշխանությունն այլևս չունի լեգիտիմություն՝ զբաղվելու Հայաստանի համար կարևոր հարցերով»,- նշել է նա։

Նախկին քաղաքապետի խոսքով՝ բանակցային գործընթացի վերաբերյալ առաջարկ անելու համար նախ պետք է իմանալ բանակցային պրոցեսի մանրամասները:

«Մենք տեսնում ենք, որ միակողմանի զիջում է, որովհետև մենք չունենք վստահություն, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի դնելու: Եթե առաջ Ադրբեջանը ռազմական ագրեսիայի միջոցով էր ստիպում զիջումների գնալ, այսօր՝ ուղղակի խոսքով: Հասել ենք այնտեղ, որ մեր իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով, գնում է զիջումների, սա նոր մակարդակ է»,- նշել է Հայկ Մարությանը:

Անդրադառնալով նոր կազմավորվող կուսակցությանը՝ Մարությանը նշել է, որ այն ունի սոցիալդեմոկրատական ուղվածություն և պատրաստ է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք իսկապես միտված են երկրի զարգացմանը։

«Մենք արտաքին հովանավորներ չունենք և չենք էլ ունենալու: Էն մարդիկ, կուսակցությունները և դրանց ղեկավարները, ովքեր երբևիցե կասեն, որ մենք Ռուսաստանի հետ կապ ունենք, կամ Ռուսաստանի շպիոններն ենք, դա նիկոլական պրոպագանդան է: Կուսակցությունն առաջակում է հարևան պետությունների՝ Վրաստանի և Իրանի հետ ունենալ լավ հարաբերություններ, Թուրքիայի և Ադրբեջանի հետ կառուցել արժանապատիվ հարաբերություններ՝ պաշտպանել երկրի շահերը»,- նշել է նա և հավելել, որ եվրոպական երկրների հետ ինտեգրման պրոցեսը պետք է ընթանա, որովհետև մենք շատ սերտ կապված ենք այդ քաղաքակրթության հետ: