21 Հնս
2024
ABCMEDIA
ԵԱՀԿ-ն հետխորհրդային տարածքի պետությունների սահմանագծման համար փաստաթուղթ ունի. Խոսրով Հարությունյան

ԵԱՀԿ-ն հետխորհրդային տարածքի պետությունների սահմանագծման համար փաստաթուղթ ունի. Խոսրով Հարությունյան

Հետխորհրդային տարածքի պետությունների սահմանագծման համար փաստաթուղթ կա, որը ԵԱՀԿ-ն ընդունել է 2017թ. -ին. «Արարատյան ալյանսի շուրջը» խորագրով համաժողովի ընթացքում ասել է նախկին վարչապետ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը։

«Այդ փաստաթուղթը բավականին հաստափոր՝ 200-ից ավելի էջից բաղկացած փաստաթուղթ է, կոչվում է «Պետական սահմանի սահմանազատում, սահմանագծում. հրատապ հարցեր և լուծումներ»: Իսկ ինչու՞ է այդ հեղինակավոր կառույցը անդրադարձել այդ խնդրին: Որովհետև խորհրդային տարիների ընթացքում որպես կանոն երկու հարևան պետության միջև սահմաններն այնպես էին գծվում, որպեսզի միշտ առաջանա կոնֆլիկտ: Կենտրոնն այդկերպ ղեկավարում էր խորհրդային ամբողջ տարածքը: Հիմա վերականգնել պատմական տարածքները, ինչպես հիմարաբար ասում է գործող իշխանությունը, նշանակում է ջուր լցնել այդ ազգամիջյան կոնֆլիկտների վերակենդանացման համար»,- ասել է Հարությունյանը:

Նրա խոսքով՝ չկա որևէ հետխորհրդային պետություն, որ խնդիր չունենա հարևան պետության հետ. օրինակ՝ ղրղզները ղազախների հետ, ղրղզները տաջիկների հետ, ղազախները ուզբեկների հետ. բոլորն ունեն խնդիր, և դա հատուկ էր արված:

«ԵԱՀԿ փորձագետները, հավանաբար, ծանոթ են այս իրավիճակին: Անհամեմատ ավելի հեշտ կլիներ ասել՝ Ալմա-Աթայի հռչակագրով  բաժանվեք իրարից, բայց մարդիկ դա չեն արել, փոխարենը հաստափոր փաստաթուղթ են մշակել: Եվ ամենակարևորը՝ այդ փաստաթղթում արձանագրվում են սկզբունքներ, որոնք պետք է համաձայնեցվեն պետությունների միջև, հետո անցնել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին, իսկ քարտեզները 9-10-րդ քայլն են: Ամենակարևորը սկզբունքն է, որ սահմանազատումը չի կարող տեղի ունենալ ուժի սպառնալիքով: Երկրորդ կարևոր սկզբունքն է՝ ապագա սահմանը չի կարող լինել նոր սպառնալիքների, ապակայունացման, ռազմական գործողությունների աղբյուր: Հետևաբար, Ադրբեջանն իր վերցրած տարածքները պետք է զիջի, դուրս գա, որովհետև դրանք մեր սահմանի ամբողջ երկայնքով առաջացնում են ռազմավարական ն սպառնալիքներ: Հաջորդ սկզբունքը՝ սահմանազատման արդյունքում սահմանամերձ բնակավայրերի բնակիչները չեն կարող կորցնել իրենց բնականոն կենսագործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ կարիքները: Մյուս սկզունքը՝ սահմանազատման արդյունքում սահմանամերձ բնակիչների սեփականության իրավունքը չի կարող անտեսվել: Այս փաստաթուղթը միանգամայն կիրառելի է»,- ասել է Հարությունյանը: