22 Սեպ
2024
16.1° c ԵՐԵՎԱՆ
9.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարավային Կովկասը Ռուսաստանի հետ կապող ճանապարհը կարող է պատրաստ լինել 2025 թվականի վերջին

Հարավային Կովկասը Ռուսաստանի հետ կապող ճանապարհը կարող է պատրաստ լինել 2025 թվականի վերջին

Երևան-Թբիլիսի-Վլադիկավկազ ռազմավարական նշանակության ավտոմայրուղու՝ Քվեշեթի-Կոբի ճանապարհի նոր՝ 23 կիլոմետրանոց հատվածի շինարարությունն «ակտիվ ընթացքի մեջ է և կավարտվի մինչև հաջորդ տարվա վերջ»: Այս մասին հայտնել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի վարչությունը։

Քվեշեթի-Կոբի ճանապարհը թույլ կտա հարավկովկասյան պետություններից շարժվել դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ՝ շրջանցելով բարձր լեռնանցքները։ Այդ նպատակով ճանապարհին հինգ թունել է կառուցվում։ Դրանց թվում է իր տեսակի մեջ 9-ը կիլոմետրանոց եզակի թունելը: Բացի այդ՝ կառուցվում են հինգ կամուրջներ։ Քվեշեթի-Կոբի ճանապարհի շինարարությունը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից։ Վարկային պորտֆելի ընդհանուր արժեքը կազմում է 1,2 մլրդ դոլար։

Եվրախորհրդարանի որոշ անդամներ Եվրահանձնաժողովից պահանջել են դադարեցնել Վրաստանում ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումը ՎԶԵԲ-ի միջոցով՝ որպես պատժամիջոց՝ Վրաստանի խորհրդարանի կողմից Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի ընդունման համար։ Սակայն այս փուլում նման պատժամիջոց չի դիտարկվում, քանի որ Երևան-Թբիլիսի-Վլադիկավկազ ավտոճանապարհը մեծ նշանակություն ունի ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի համար. այս մայրուղին ապահովում է Ռուսաստանի հետ միակ ցամաքային հաղորդակցությունը։